«Հրաչյա Հարությունյանի հետ խոսել ենք, բայց չենք հանդիպել: Զանգահարեց միայն, ասաց՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է: Չգիտեմ՝ այսօր հարմար կլինի՞ նորից զրուցել, թե՞ ոչ: Տեսնենք՝ ինքը ինչ կասի, ինչպես է առողջական վիճակը»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կինը:
Նա փոխանցեց, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Հրաչյա Հարությունյանին. «Դեռևս կապ չենք հաստատել ՄԻՊ-ի հետ, բայց հայրս պետք է կապ հաստատի, որ տեսնենք՝ այցելություն թույլատրո՞ւմ են, կարո՞ղ ենք տեսակցել Հրաչյային, թե՝ ոչ»:
Հրաչյա Հարույունյանի կնոջ խոսքով՝ իրենք հույս ունեն, որ ամուսնուն ազատ կարձակեն. «Հույս ուենենք՝ ազատ կարձակեն, կթույլատրեն տուն գալ: Այսքան խոսակցությւոններից հետո, հույս ունենք, որ մեր հայերը մի բան կանեն»:
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 20-ին, Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։
Ըստ դատավճռի՝ ամբողջությամբ ապացուցվել է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները: Հարությունյանը տեղյակ է եղել բեռնատարի արգելակման համակարգի անսարքության մասին և ինքն իրեն գիտակցաբար այնպիսի վիճակի մեջ է դրել, որ չի կարողացել վերահսկել մեքենան և վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով ավտովթար է եղել, և մարդիկ են զոհվել:
Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նա արդեն 4 տարի է՝ գտնվում է կալանավայրում, իսկ պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում:
Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու որոշումը կայացվել էր այս տարվա հունիսի 16-ին:
Սոնա Հարությունյան