Վերջին շրջանում հայաստանյան և ռուսական լրատվամիջոցների էջերից «չիջնող» ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը միացրած է պահում հեռուստացույցը, որը մշտապես ռուսական «Ռոսիա» և ORT հեռուստաալիքների վրա է:
Tert.am-ի այցելության պահին ընտանիքը «Ռոսիա» հեռուստաընկերությունից տեղեկացել էր, որ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է կալանավայր: Հարությունյանի զարմուհին հեռախոսով խոսում էր, դուստրը՝ համակարգչի դիմաց լրահոսին էր հետևում:
Ընտանիքին այսօր ևս չէր հաջողվել Հրաչյային հագուստ, ծխախոտ և սնունդ փոխանցել:
«Մեր հարազատները հագուստ են տարել, բայց չեն ընդունել, ասել են՝ «հիմա պետք չի, բերեք վաղը»»,- հիվանդանոցի պնդումները, թե հարազատները հագուստ չեն բերել, իրենք էլ կասկածյալին տվել են այն, ինչ ունեցել են, ևս մեկ անգամ հերքեց Հրաչի կինը՝ տիկին Անահիտը:
Նշենք, որ այսօր «Մեդիա կենտրոնում» Հրաչյա Հարությունյանի խնդրին նվիրված ասուլիսին տեղեկացվել էր, որ Պաշտպանության նախարարությունը մոտ 400 հազար դրամ է փոխանցել, որպեսզի ընտանիքը հոգա մահացած որդու շիրմաքարի տեղադրման ծախսերը:
Հրաչյա Հարությունյանի քրոջ աղջիկը՝ Անահիտ Եսայանը Tert.am-ին հայտնեց, որ դա ճիշտ տեղեկատվություն չի եղել, գումարը փոխանցել է իրավաբանական կամ ֆիզիկական այլ անձ, սակայն վերջինս ցանկացել է անհայտ մնալ:
Իրադարձությունների և տարատեսակ կրքերի կիզակետում հայտնված վարորդի՝ Արին Բերդում գտնվող տան հարևանները Հարությունյանների ընտանիքը բնութագրեցին որպես «շատ լավ ընտանիք, համեստ, աշխատող, ձգտող»:
Վարորդի քույրը՝ Սեդա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գոհ են այն աջակցությունից, որ հայաստանյան հասարակությունը՝ լրագրողները, իրավապաշտպանները ցուցաբերեցին իրենց հանդեպ:
«Մենք շատ շնորհակալ ենք բոլորից. թե՛ անհատներից, թե՛ կազմակերպություններից, թե՛ լրագրողներից: Իրոք, մենք էն ազգն ենք, որ կարող ա կանգնածին բրդենք, բայց նաև ընկածին բարձրացնում ենք: Ապրեն, Աստված բոլորի համար լուսավոր ճանապարհ անի: Իմ ախպորն էլ բարի աչքով նայեն բոլորը»:
Տիկին Սեդան, նկատի ունենալով վերջին շրջանի հակառուսական տրամադրությունները, նշեց, որ չի կարելի ընդհանրացնել և ագրեսիա դրսևորել ընդհանուր ժողովրդի նկատմամբ և ավելացրեց. «Ես կոնկրետ շատ լավ եմ տրամադրված Աստծո ստեղծած բոլոր արարածների նկատմամբ»:
Հրաչյա Հարությունյանի հարևան Սարգիս Մխիթարյանը հայտարարեց. «Ես երաշխավորում եմ Հրաչենց ընտանիքին՝ որպես լավ, խելոք, շնորհքով ընտանիք, քյասիբ ապրող մարդիկ են»:
Նրանց հարևանուհին՝ Սվետլանա Մխիթարյանը հավելեց. «Տղեն մահացել էր, գնացել էր արտագնա աշխատանքի, իրա գնալն ընդամենը երկու ամիս եղավ: Շատ ենք ցավում զոհվածների ընտանիքի համար, բայց դե պատահական դեպք է եղել»:
Սվետլանա Մխիթարյանը նշեց, որ ընտանիքը մենակ Հրաչի ու պապիկի թոշակի հույսին է: