«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ շարունակում են հարկատուների հաշվին ապրել Երևանում վարձակալած բնակարաններում։ 8-րդ գումարման Ազգային Ժողովի ՔՊ խմբակցության տասը պատգամավորներ դեռ նստաշրջանի սկզբում էին դիմել բնակարանի վարձավճար ստանալու համար։ Խոսքը՝ Թագուհի Ղազարյանի, Հովիկ Աղազարյանի, Մաթևոս Ասատրյանի, Կնյազ Հասանովի, Արեն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Լիլիթ Ստեփանյանի, Նարեկ Ղահրամանյանի և Ռուստամ Բաքոյանի մասին է։ Բնակարանի վարձավճար ստացել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Վահե Ղալումյանը, սակայն ԱԺ աշխատակազմից հայտնել են, որ վերջինս դեկտեմբերի 1-ից հրաժարվել է բնակարանի վարձի փոխհատուցման գումարից։
Սակայն, ուսումնասիրելով վերջիններիս ներկայացրած պաշտոնական ֆինանսական հայտարարագրերը' հասկանում ես, որ հարկատուների հաշվին ապրելու ցանկությունը ոչ այնքան նեղ ֆինանսական վիճակից է բխում, որքան' «Շնից մազ պոկելն էլ է քյար» հայտնի ասածվածքից:
Դիցուք՝ Արեն Մկրտչյանը 2019 թվականին ուներ հնարավորություն գնելու «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, բացի այդ 2020-ին նա ունի 1,900,000.00 դրամի ստացած և հանձնած փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը՝ 186,300.00 դրամ է, կանխիկը՝ 650,000.00 դրամ, աշխատանքից ստացված եկամուտը՝ 7,689,810.00 դրամ:
Սերգեյ Մովսիսյանը 2019 թվականին գնել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, հայտարարագրած կանխիկ գումարը կազմել է 4,000,000.00 դրամ, աշխատանքից եկամուտը՝ 4,000,000.00 դրամ:
Լիլիթ Ստեփանյանը ունի 500 հազար դրամ կանխիկ գումար և 7,844,670.00 դրամի աշխատանքից ստացված վարձատրություն:
Նարեկ Ղահրամանյանը 2019-ին Աուդի մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել, բանկային հաշվի մնացորդը կազմում է 800,000.00 դրամ, կանխիկ գումարը՝ 3,000,000.00 դրամ:
Ռուստամ Բաքոյանի բանկային հաշվի մնացորդը, ըստ նրա հայտարարագրի, կազմում է 1,118,257.00 դրամ, կանխիկը՝ 15,000,000.00 դրամ և 12,000.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքից ստացված վարձատրությունը կազմում է 7,813,540.00 դրամ:
Ինչպես գիտենք' այս նորամուծությունը եղել է դեռևս այսպես կոչված' նախկինների ժամանակ, և նախկիններն էլ դեմ չէին օգտվել պետության հաշվին ապրելու հաճույքից: Օրինակ' Հովիկ Աբրահամյանի ազգական պատգամավոր Կարինե Պողոսյանը: Տիկինն առաջ ՀՀԿ-ական էր, հետո, երբ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ կուսակցութունից, ինքն էլ դարձավ անկուսակցական: Պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան դաշինք»-ի կազմում: Նրա ամուսինը՝ Ռոբերտ Գասպարյանն, անցած տարվա հայտարարագրում, 780 հազար դրամ աշխատավարձից բացի, նշել է, որ ընդամենը 500 հազար դրամով ձեռք է բերել «VOLKSWAGEN TOUAREG» մակնիշի մեքենա:
Նույն Կնյազ Հասանովը նաև ՀՀԿ կազմում է օգտվել այս հնարավորությունից, այդ տարի, ի դեպ, նա հայտարարագրել էր 7,520,140.00 դրամի աշխատավարձից ստացված եկամուտ:
ՀՀԿ-ից փոխհատուցում էր ստացել նաև Արսեն Միխայլովը:
Այս ամենն այն ժամանակ ընդդիմադիրները ներկայացնում էին իբրև բյուջեից անիմաստ գումարի վատնում, չնայած իրենց խմբակցության անդամ Էդմոն Մարությանն էլ էր դիմել արտոնությունից օգտվելու համար: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է փոխվել այսօր, և միթե՞ գործ չունենք պետության հաշվին ապրող հերթական պաշտոնյաների հետ: