ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«ԱԺ ամբիոնից ասում են, թե իմ աշխատած տարիների ընթացքում Գյումրին եղել է ամենակրիմինալ քաղաքը ՀՀ-ում: Այն ժամանակվա լրատվությունն էլ էր դա ներկայացնում: Բայց ոստիկանության ստատիստիկան, որ տալիս էր ՀՀ ամենաոչկրիմինալային, ամենաքիչ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր, բացեք, նայեք: Մեր մահափորձը կազմակերպեցին և դրանից հետո մեզ դիտավորյալ կապեցին կրիմինալ աշխարհի հետ մինչև էսօր, որպեսզի այդ գործը փակվի, այ դրանց մասին պետք է լավ մտածեք: Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան մենք հարգանք ենք ունեցել, որ, եթե հանկարծ ջահելներն իրար հետ որևէ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ համերաշխ լինեն, ներեն իրար: Բայց, ցավոք սրտի, պետությանը, որոշ մարդկանց էն ժամանակվա ձեռք չէր տալիս, որ քաղաքը բռունցքված լիներ, որ ժողովուրդը գնար այդպիսի մարդկանց հետևից, որովհետև վախ են ապրում այն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է: Աշխատում են հատուկ այդ մարդկանց վարկաբեկել, սպանել, մորթել»,-ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանն, անդրադառնալով քրեական հեղինակությունների և պաշտոնյաների նախկին և ներկա հարաբերություններին, ասաց. «ՀՀ-ում կրիմինալ չկա, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի մեջ չկան, ամենախելոքը օրենքով գողերն են: Ես իրենց հետ չեմ համագործակցում, ընդհանրապես չեմ էլ տեսել վեջին տասը տարիներին որևիցե մեկին: Ես իրենց հետ երբեք առնչություն չեմ ունեցել, բայց, եթե էդ մարդը խեղճին, քյասիբին տեր է, եթե ճիշտ մարդ է բառիս բուն իմաստով, ես էդպիսի մարդուն հարգում եմ, բոլորս էլ հարգում ենք: Էս օրենքով ուզում են նման մարդկանց ուղարկել գաղութներ, դրանից հետո մի երկու ոստիկան կասեն՝ այ էս մարդը գողական է, արագ ուղարկեք գաղութ: Էսպես բանտերը կլցվի անմեղ մարդկանցով: Եթե մարդը հանցանք է գործել, թող դատեն, բայց, եթե մարդը հանցանք չի գործել, ինչու են բռնում: Մենք ասում ենք՝ ապացուցեք, որ մեղավոր է, նոր դատեք, ոչ թե ուղղակի վերցրեք ու տարեք բանտ մարդուն»:

Նա նաև անդրադարձավ այլ երկրներից Հայաստան եկող և այստեղ հաստատվող օրենքով գողերին, ասելով. «Եթե պետությունը չուզի, ոչ մի օրենքով գող ոչ մի երկրից չի գա Հայաստան, իսկ եթե ուզի, իրենց հետ համագործակցելով էլ կգա»: