Վերջին օրերին իրավապահները եռանդով լծվել են «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների և քրեական ենթամշակույթի դեմ պայքարին։ Թեև նման խոստումներ տալիս էին դեռևս 1 տարի առաջ, սակայն դրանք գործնական տեսք են ստացել, հատկապես, վերջին օրերին։
Վերջին շաբաթվա ընթացքում քրեական հեղինակություններին բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու բազմաթիվ դեպքեր եղան, այդ թվում՝ «Զապ» մականվամբ հայտնի՝ Անդրանիկ Սողոյանը, Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը, Արտյոմ Կանևսկոյը, Գող Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանը, «Տիզ» մականվամբ՝ Արթուր Սեդրակյանը և այլք։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իրականացվող գործողությունները ունեն պատվիրատու, սակայն իշխանությունները այս պայքարում չեն հաջողելու․ «Իշխանություններին սթափության ու զգոնության կոչ եմ անում, որովհետև նրանք, ակնհայտորեն, տապալվելու են։ Ամենևին, չեմ ասում՝ «օրենքով գողերի» հետ անհրաժեշտ է գնալ զիջողական քաղաքականության և այլն, սակայն նրանց հետ չի կարելի խոսել ուժի կիրառման լեզվով և, առհասարակ, ռեպրեսիվ գործիքակազմով, քանի որ դա տեսանելի ապագայում արդեն կտա իր պտուղները, իսկ ներկայումս իշխանությունը, երևի թե, դրսից պատվեր ունի այդ միջավայրի դեմ պայքարելու»։
Կոչուբաևը վստահ է՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև աշխարհաքաղաքական շատ լուրջ հանձնարարություն է իշխանություններին․ «Այսօրվա մեր իշխանությունը, ակնհայտորեն, հանդես է գալիս ոչ այդքան պահպանողական դիրքերից և սա միջազգային, կուլիսային իշխանություններին, բնականաբար, դուր է գալիս, և նրանք ունեն հանձնանարություն։ «Օրենքով գողերի» միջավայրը, ընդհակառակը, հանդես է գալիս պահպանողականության դիրքերից, և սա այս իշխանության համար շատ լուրջ մարտահրավեր է, քանի որ դա չի կարող ընդունելի լինել ԼԳՊՏ իշխանությանը»։
«Հիմա, փաստացի, ունենք բավականին խայտառակ իրավիճակ. նրանք քրեակատարողան հիմնարկներում փորձում են արմատախիլ անել քրեական միջավայրի գրեթե բոլոր ինստիտուտները, ընդ որում, ռեպրեսիվ գործիքակազմով, ծեծով և խոշտանգման նմանվող էլեմենտներով, փորձելով նեղացնել այդ անձանց ունեցած հեղինակությունը, ուզում են հասարակության մեջ մեկուսացնել «օրենքով գողերին», սակայն «գողական աշխարհում» նրանք չեն, որ ամենավտանգավորն են՝ և՛ քրեական ենթամշակույթի առումով, և՛ առհասարակ հանցավորության դեմ պայքարի գործում։ «Օրենքով գողերը» որոշակի համակարգվածություն են մտցնում քրեական աշխարհում այն առումով, որ որոշակի պահանջներ են դրված հանցավոր միջավայրում նրանց կողմից, որոնք բավականին զսպում են, առհասարակ, հանցավորության ընդհանուր վիճակը»,- ընդգծեց Կոչուբաևը։
Փաստաբանը վստահ է՝ այս եղանակով իշխանությունները չեն կարողանալու կանխել հանցավորությունները, դեռ ավելին՝ լինելու են հանցավորության որակական փոփոխություններ․ «Ճանապարհը, որ ընտրել է իշխանությունը, կարծում եմ, ապագայում իր բացասական հետադարձությունն է ունենալու, ընդ որում, սրանից տուժելու են և՛ իրավապահները, և՛ քրեակատարողական հիմնարկների վարչակազմը։ Այս կերպ չեն պայքարում հանցավորության դեմ, և իշխանությունները չեն ցանկանում լսել մասնագետներին, կարծում եմ՝ դառը փորձ կունենանք»։
Ըստ Կոչուբաևի՝ «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների և ենթամշակույթի դեմ պայքարը, որոշ առումներով, բերելու է հանցավորության արտագաղթի և քողարկված գործելաոճի․ «Այսպիսի մեթոդաբանությամբ իշխանությանը չի հաջողվելու արմատախիլ անել հանցավորությունը, և, մանավանդ, չմոռանանք, որ հանցավոր միջավայրի առանձին անձանց հետ էլ իշխանությունն այսօր դիալոգ է վարում և ընտրովի է այդ պայքարը. բոլոր այն անձինք, ովքեր անցանկալի են իշխանությանը և նրանց հետ համագործակցություն ունեցող հանցավորների հետ, ենթարկվում են քրեական հետապմնդման․ այս ընտրովի արդարադատությունը ևս չի հանգեցնելու ցանկալի արդյունքի։ Եթե քրեական միջավայրը պատերազմ հայտարարեց պետությանը, ապա այդ պատերազմում հաղթողը, միանշանակակ, պետությունը չի լինելու, իհարկե, սա բավականին երկիմաստ արտահայտություն է։ Ինչքան էլ իշխանությունը ամպագոռգոռ հայտարարություններ անի, թե անողոք է քրեական հանցավորության դեմ պայքարում, աշխարհի բոլոր առաջատար, զարգացած պետություններում դիալոգը առկա է, և եթե մենք գնում ենք ընդամենը արմատախիլ անելու ճանապարհով՝ դա չի հաջողելու»,- նկատեց փաստաբանը։
Կոչուբաևը կարծում է՝ գործելաոճը, որով շարժվում է այսօրվա իրավապահ համակարգը, բացահայտ մարտահրավեր է հանցավոր միջավայրին․ «Նիկոլ Փաշինյանը, լինելով նախկին դատապարտյալ, գոնե պետք է արժեքաբանությանը տիրապետեր և այսպիսի ռեպրեսիաներ չկիրառեր, կամ, նույնիսկ, եթե կիրառում էր՝ գոնե ոչ հրապարակային և առճակատման հրավիրելու ձևով»,- եզրափակեց Կոչուբաևը։
Արփինե Հակոբյան