Հայաստանի բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը եղել են Պաշտպանության նախարարության ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում։ Այս մասին հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սա այն ուղղությունն է, որտեղ հնարավորություն չկա հաշվելու, թե իրավապահ մարմինների համագործակցությունը քանի նոր սահմանավորված հանցանք է կանխել, քանի ճակատագիր է փրկել, փոխարենը խիստ ակնառու և հնչեղ են ձախողումները, երբ բանակում ոչ մարտական պայմաններում դժբախտ դեպքեր և պատահարներ են արձանագրվում։

Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է, բայց այն չպետք է հնչի որպես ինքնարդարացում, այլ պետք է հուշի հասարակական տարբեր ինստիտուտների հետ ներդաշնակ գործելու գաղափարը, որպեսզի կարողանանք փակել բանակ ներթափանցող արատավոր երևույթների ակունքը, հատենք դրանց կենսունակ արմատը և բանակում բացառենք մարդկային կորուստը խաղաղ պայմաններում»,- ասել է Պապիկյանը։

Նախարարը մեծապես կարևորում է նաև զորքերում կատարված բոլոր խախտումներին՝ զանցանքներից մինչև հանցագործություններ համապատասխան իրավական գնահատական տալու պրակտիկան։

Ըստ Պապիկյանի՝ բանակում հովանավորչության, անպատժելիության մթնոլորտի բացառումը և պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը կհավաստի՝ բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ։