«Հրաչյա Հարությունյանին երեկ Տամբով քաղաքի բանտից տեղափոխել են Մոսկվա: Արտահանձնման գործընթացը սկսվել է, միայն այսքանը գիտեմ, իսկ, թե Մոսկվայից երբ կտեղափոխեն Հայաստան, չեմ կարող ասել»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կինը:
Վերջինս նաև նշեց, որ դեռևս չի պարզել, թե ամուսինը Մոսկվայում որտեղ է և ինչ պայմաններով է պահվում:
«Սպասում ենք, որ գա հասնի Հայաստան, դա է կարևորը: Գա Հայաստան, նոր պարզ կդառնա նաև, թե ինչպես է նրա առողջական վիճակը, թե չէ՝ հեռախոսով որևէ բան պարզել չի լինում»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։
Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նա արդեն 4 տարի է՝ գտնվում է կալանավայրում, իսկ պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում:
Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու որոշումը կայացել է այս տարվա հունիսի 16-ին: