Հունիսի 16-ին պարզ կդառնա, թե երբ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան: Նրա կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այդ օրը արտահանձնման հետ կապված դատական նիստ է տեղի ունենալու:
Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատներին այդ մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:
Դեռ ապրիլի 25-ին նախարարությունից տեղեկացրել էին, որ մեկ-երկու ամսից պարտադիր կերպով կարտահանձնեն:
Արտահանձնման խնդրի կարգավորմանը նպաստել էր նաեւ հանգամանքը, որ ավտովթարից տուժածների 18 ներկայացուցիչներին փոխհատուցվել էր դատարանով սահմանված 18 մլն ռուբլին:
Ըստ որոշ վերլությունների՝ Հրաչյա Հարությունյանը Հայաստան կարտահանձնվի՝ Պերմյակովի՝ Ռուսաստան արտահանձնման դիմաց։
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի, հարազատները հույս ունեն, որ Հայաստանում պատիժը կրելու ընթացքում անհրաժեշտ վիրահատությունները կկատարվեն: