Ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանին 18 քաղաքացիական հայց է ներկայացվել (գործով կա 18 տուժող): Սա նշանակում է, որ Հրաչյա Հարությունյանը դեռևս երկար ժամանակ կմնա ռուսական բանտում և, այսպես ասած, սարերի հետևում է նրա արտահանձնումը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին, Հրաչյա Հարությունյանը, իր վարած «ԿամԱԶ»-ով, Պոդոլսկի մոտակայքում բախվել էր ուղևորափոխադրող ավտոբուսի, որի հետևանքով մահացել էր 18, վիրավորվել 60-ից ավելի մարդ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Հրաչյա Հարությունյանի կնոջ՝ Անահիտ Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ իրենց խոստացել էին, որ հնարավոր է՝ մինչև այս տարվա վերջ Հրաչյային տեղափոխեն Հայաստան, բայց այդպես էլ չտեղափոխեցին:
«Մեզ հույսով են անում, բայց ոչինչ չեն ձեռնարկում. մեզ ասում են՝ ամեն ինչ լավ կլինի, կտեղափոխեն, բայց վերջում պարզվում է, որ ոչինչ չեն անում կամ չեն ուզում անել: 3 տարի 5 ամիս՝ պատիժը կրում է Ռուսաստանում, այստեղից պետք է որևէ բան անեն: Մենք դիմում ենք այստեղ, ասում են՝ իբրև թե ամեն ինչ արել են, հիմա Մոսկվան պետք է այդ հարցին լուծում տա»,- ասաց Անահիտ Մարտիրոսյանը:
Հարցին՝ ինչ միջոցներ են ձեռնարկում իշխանությունները, մասնավորապես, արդարադատության նախարարությունը՝ պատիժը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանի կինը պատասխանեց.
«Ում դիմենք, եթե արդարադատության նախարարը ոչինչ չի անում, օրենքը չի անում: Բոլորին դիմել ենք, ասում են՝ իրենցից կախված չէ, ամեն ինչ արել են»:
Սոնա Հարությունյան