Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում հունիսի 14-ին` Արյան դոնորի միջազգային օրը, բացվել է Արյունաբանական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդարանի նախագահը շրջել է նորաբաց լաբորատորիայում եւ ծանոթացել պայմաններին:
ԱԺ նախագահը կարեւորել է նմանատիպ կենտրոնների ստեղծումը եւ, մասնավորապես, նշել. «Այս հիվանդանոցում, որտեղ կատարվում են բազմաթիվ վիրահատություններ, ուղղակի անհրաժեշտ էր ունենալ արյունաբանական կենտրոն: Առհասարակ, նմանատիպ բժշկական հաստատությունների համար դա ռազմավարական նշանակություն ունի»:
Արյունաբանական կենտրոնի առաջին դոնորները դարձել են Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը:
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արյունաբանական կենտրոնի բացման արարողությունից հետո այցելել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում բուժվող քառօրյա պատերազմում վիրավորված նախկին զինծառայողներին:
Խորհրդարանի նախագահը զրուցել է տղաների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վերականգնողական կենտրոնին, վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամից 5.000.000 դրամ է տրամադրել եւ վստահություն հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական: