Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը հունիսի 14-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով: Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով Տաջիկստանի Հանրապետության նախագահին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ուրախ է խորհրդարանում հյուրընկալելու բարեկամ Տաջիկստանի նախագահին հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այսօր հայ-տաջիկական հարբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ, Հայաստանը շահագրգիռ է խորացնելու դրանք՝ ելնելով երկու երկրների հետաքրքրություններից եւ շահերից:
Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների հաստատման եւ խորացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Տաջիկստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքն իրենց երկրում ապրող հայկական համայնքի նկատմամբ:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Տաջիկստանի նախագահի՝ իր երկրի առջեւ ծառացած խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու մոտեցումն ու հույս հայտնել, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերություններն իրենց ազդեցությունը կունենան նաեւ ԼՂ հիմնախնդրի հարցում, եւ տեսակետները համահունչ կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավով նշել է. «Այլ բան է, երբ զինվորը զոհվում է պատերազմի ժամանակ՝ մարտի դաշտում: Իսկ երբ երիտասարդները զոհվում են խաղաղ ժամանակներում, խոսքն ուղղակի սպանության մասին է»:
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:
Տաջիկստանի նախագահը նշել է, որ անկախության հաստատումից ի վեր երկու երկրների հարբերությունները վերելք են ապրել, եւ այսօր կան բոլոր պայմանները դրանք խորացնելու համար:
Էմոմալի Ռահմոնի խոսքով՝ երկու երկրների քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը զարգանում է կրթության, գիտության, առողջապահության, տնտեսության եւ մշակույթի բնագավառներում:
Խոսելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումների եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Էմոմալի Ռահմոնը նշել է, որ Տաջիկստանը գտնվում է վտանգավոր գոտում, եւ տաջիկ ժողովուրդը լավ գիտե խաղաղության գինը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Տաջիկստանի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունները հակամարտության լուծման միակ ճանապարհն են:
Տաջիկստանի նախագահը փաստել է, որ մեր երկրները պիտի խորացնեն համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում եւ միասին հաղթահարեն ժամանակի մարտահրավերները:
Այնուհետեւ Տաջիկստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Հանդիպման ավարտին Էմոմալի Ռահմոնը խորհրդարանական պատվիրակություն է հրավիրել Տաջիկստան: Հրավերը սիրով ընդունվել է: