ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մայիսի 12-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ' Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ: Ողջունելով չեխ գործընկերներին՝ Հովհաննես Սահակյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարին Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցը նոր խթան հանդիսացավ հայ-չեխական բարեկամությունն ու համագործակցությունը զարգացնելու և խորացնելու առումով: Այս համատեքստում Հովհաննես Սահակյանն անհրաժեշտ է համարել խորհրդարանական փոխգործակցության հետագա զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Նա ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, նշել մեր երկրում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմներն ու հանրային պաշ տպանություն իրականացնող կառույցները, ներկայացրել տարբեր հարցերի կապակցությամբ հանրաքվեներ անցկացնելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը:
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահը, ներկայացնելով իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, նշել է, որ այն զբաղվում է կանանց և երեխաների, կրոնական և այլ փոքրամասնությունների, ազատազրկվածների իրավունքների պաշտպանությամբ: Նա նույնպես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Հովհաննես Սահակյանը հույս է հայտնել, որ Չեխիայի խորհրդարանն անմասն չի մնա և, որպես ժողովրդավարական երկիր, խնդրի վերաբերյալ իր վերաբերմունքը կարտահայտի:
Նույն օրը տեղի ունեցավ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը:
Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը կարևորել է խորհրդարանական համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ այս հանդիպումը լավագույն հնարավորություն է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցություն սկսելու համար: Նա ներկայացրել է հանձնաժողովի կազմը, գործունեության ոլորտները և կատարած աշխատանքը:
Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի անդամներն անդրադարձել են կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ու հավասար իրավունքների ապահովմանը՝ նշելով, որ օրեցօր մեծանում է կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքում. այսօր Ազգային ժողովում 14 կին պատգամավոր կա: Նշվել է, որ Հայաստանում գործում են կանանց խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ: Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ հանձնաժողովի անդամները կարևորել են ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականությունը և այդ հարցում եվրոպական երկրների աջակցությունը:
Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: