Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Այս առնչությամբ ՄԻՊ-ի տարչածած հայտարարության մեջ ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։

Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։

Քրիստինե Գրիգորյանը ձգտել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը։

Պաշտպանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում հաստատությունում աշխատող կանանց ու տղամարդկանց՝ հաստատության առաքելության բարձր գիտակցման, անձնական մեծ նվիրումի և պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերված բարձորակ մասնագիտական աջակցության համար։ Իր հերթին Պաշտպանը ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, խմբակցություններին ու հանձնաժողովներին բարձր մակարդակի համագործակցության համար։ Որպես խորհրդարանական պաշտպան՝ Ազգային ժողովի աջակցությունն ու զգայուն խնդիրները քննարկելու պատրաստակամությունը չափազանց մեծ նշանակություն են ունեցել հաստատության առաքելությունը պատշաճորեն իրականացնելու համար։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում Վարչապետին, Կառավարության անդամներին, Վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու համայնքային ծառայողներին, ինչպես նաև սահմանադրական ինքնավար մարմիններին արդյունավետ համագործակցության համար։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին, ում հետ աշխատելու պատիվ է ունեցել այս ընթացքում։ Նրանց իրավապաշտպանական գործունեությունը և այն, թե որքանով է դրա համար բարենպաստ միջավայր ստեղծված, լակմուսի նշանակություն ունեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար։

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու անձնակազմերին՝ գործընկերության ու վստահության, այս ընթացքում հաստատության դերի բարձր գնահատականի և քաջալերման համար։

Պաշտպանը կարևորապես իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրավունքների պաշտպանության տարբեր հարցերով դիմել են Պաշտպանի հաստատությանը իրենց վստահության ու շատ հաճախ արտահայտած գնահատականի համար։ Եվ անկախ այդ գնահատականների բնույթից, դրանք բոլորը մեծ աջակցություն են եղել այս ընթացքում հաստատության զարգացման գործում։

Պաշտպանն, օգտվելով առիթից, հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր ընտանիքին ու ընկերներին՝ համբերության, քաջալերման ու անվերապահ աջակցության համար։

Ի գիտություն. Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հաղորդումը կներկայացվի երկրորդ դիմումի հետ։