Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր տեղի է ունեցել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի թափուր հաստիքի մրցույթը։ Տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վահան Զուրաբյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը։
Նշենք, որ տնօրենի թափուր հաստիքի բաց մրցույթն անց է կացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։
Հավելենք՝ վերջին օրերին բուռն քննարկումների ալիք է բարձրացել թիվ 1 տուն-ինտերնատում հայտնաբերված խախտումների պատճառով։ Մեր նախորդ հրապարակման մեջ ԵԼՔ դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանն ահազանգում էր՝ ծերանոցում աղետալի իրավիճակ է։ ՄԻՊ-ից ևս տեղեկացրին, որ երկու շաբաթ առաջ նորից այցելել են տուն-ինտերնատ և արձանագրել խախտումներ, որոնք ներկայացրել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Հիշեցնենք՝ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի արդեն տնօրեն Վահան Զուրաբյանը երկու ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, սակայն այս ընթացքում հասցրել է դժգոհությունների արժանանալ՝ իր գործելաոճի հետ կապված։ ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը բաց նամակ էր ուղղել վարչապետին։ Վահան Զուրաբյան մեղադրում են ագրեսիվություն դրսևորելու, բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։
Սոնա Հարությունյան