Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար, նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:
2022 թ. փետրվարի 4-ին ընդունված որոշումը ստորագրել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը: Բաբայանին 2018 թ. հոկտեմբերի 31-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակել այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը: 2020 թ. փետրվարին նա ազատվել էր պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:Բաբայանը չէր հիմնավորել իր ազատման պատճառները, սակայն այդ ընթացքում Factor.am-ը գրել էր, որ նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն էր տվել՝ առանց թույլտվության:2020 թ. մայիսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրության, Բաբայանը վ/շ համապատասխան աշխատակցի հայտնաբերած և իրեն ներկայացված՝ Նազարբեկյան փողոցում ինքնակամ շինություններ կառուցելու վերաբերյալ տվյալները չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Այսինքն՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին պաշտոնյային նոր պաշտոն են տալիս, այն էլ պետգույքի կառավարման ոլորտում: Ինչ խոսք՝ շատ խոսուն որոշում է, որը բնութագրում է իշխանությունների ողջ պայքարը կոռուպցիայի դեմ:
Սա ի դեպք առաջին դեպքը չէ: Ստեփան Մաչյանը, ով վերջերս ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ, իսկ մինչ այդ զբաղեցնում էր «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, բռնվել էր իր ծանոթներին և բարեկամներին աշխատանքի տեղավորելու վրա:
Երևանի փոքաղաքապետ է ընտրվել նաև Գևորգ Սիմոնյանը՝ առողջապահության նախկին փոխնախարարը: Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները գրել են, որ ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի շրջանակում 606 մլն դրամի գնումներ է կատարել ընկերությունից, որը պատկանում է առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին:
Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրված Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին պետք է օբյեկտիվորեն քննի իր կողմից ժամանակին կազմված բյուջեի բացերը : Օբյեկտիվորեն ՝ ըստ իշխանությունների իհարկե:
Այսինքն, ստացվում է` կամ իշխանությունները կադրային այնպիսի լուրջ խնդիր ունեն, որ ստիպված տարբեր սկանդալներում հայտնված պաշտոնյաներին երկրորդ շանս են տալիս, կամ պարզապես իշխանությունների համար միևնույն է, թե ինչ գնահատական կտան այդպիսի քայլերին հանրությունը և հպարտ քաղաքացիները...