Բավական մեծ աղմուկ է բարձրացել` կապված պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հետ: Պարզվում է` Հովհաննիսյանը ոչ միայն ԱԺ ՀՀԿ պատգամավորներից է, այլև, ինչը երևի թե խիստ սահմանաակ թվով մարդկանց է հայտնի, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահը: Այո, կա նման մի կառույց, որը, սակայն, բավական տևական ժամանակ է` փաստացի անգործության է մատնված, ու շատերին նույնիսկ հայտնի էլ չէ, թե այս ասոցիացիայի բուն գործառույթն ինչումն է կայանում:
Հայտնի է դարձել, սակայն, որ այս խորհդավորությունն ու անհայտությունը չի խանգարել, որպեսզի մայրաքաղաքի բյուջեից բավական կլորիկ գումարներ փոխանցվեն համապատասխան ասոցիացիային. խնդրի շուրջ նույնիսկ ՀՀ դատախազությունն է ուսումնասիրություններ սկսել: Խոսքը, մասնավորապես, 11 մլն դրամի մասին է: Ու հիմա փաստորեն մոտ 20000 եվրո կազմող գումարը փաստացի փոշիացվելու է Արայիկ Հովհաննիսյանի նախագահությամբ պարապուրդի մատնված ինչ-որ անհասկանալի ասոցիացիային լավություն անելու պատճառով, ինչը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել «երկրում փող չկա» կոնցեպցիայի համատեքստում: Հիշում եք, չէ՞, թոշակները չբարձրացնելու թիվ մեկ պատճառը որն է…
Ցավոք, սա մի նվազ օրինակ է այն բանի, թե ինչպես են Հայստանում մսխվում կլորիկ գումարներ, որոնք կարող էին ու պետք է ծառաեին ոչ թե այս կամ այն պատգամավորին ու չինովնիկին հաճոյանալու, այլ կոնկրետ խնդիրների վրա: Ո՞վ է տեսել՝ մարդուն տասնյակ հազարավոր եվրոներ բաշխեն պարապուրդի մատնվելու համար: Չլինի՞ թե նոր կարգ է մտցվել` այսուհետ վճարվելու են նրանք, ովքեր գնահատում են սեփական ժամանակն ու մատնվում անգործության, իսկ շարքային աշխատավորներն էլ պատժվում են` կյանքի հաճույքներն անտեսելու ու լիովին աշխատանքին տրվելու «հանցանքի» համար:
Այդ օրն էլ կգա, հանգի՛ստ եղեք…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ