Անցած ուրբաթ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ԱԺ պատգամավոր որդու՝ Սեդրակ Թևոնյանի հետ հայտնվել է ծեծկռտուքի կենտրոնում: Միջադեպը մարզպետի համար անսպասելի զարգացում է ստացել, ծեծկռտուքից մարմնական վնասվածք ստացած արալեզցի բնակիչը դիմել է հիվանդանոց, բանը հասել է ոստիկանություն: Նյութեր են նախապատրաստվում, հայտնում է Yerevan.Today-ը` վկայակոչելով Ոստիկանության լրատվական ծառայությանը:
«Հատկանշական է, որ միջադեպի շարժառիթը հենց մարզպետ Թևոնյանն է եղել, ավելի ստույգ՝ նրա հանդեպ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը՝ իր իսկ համագյուղացի Արմանի կողմից: Սա վիրավորել է իշխանական պատգամավորին ու նրա մարզպետ հորը այն աստիճանի, որ դարձել է մարնական վնասվածքների պատճառ:
Ընդգծենք, Yerevan.Today-ին այս միջադեպի մասին տարբեր աղբյուրներց միևնույն ձևով են ինֆորմացիան փոխանցել:
Ըստ նրանց՝ Արալեզ գյուղում, որտեղ բնակվում է Արարատի մարզպետը, անցած ուրբաթ՝ փետրվարի 12-ին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պատգամավոր որդու և ներկայացուցչական պատվիրակության հետ միասին այցելում է դպրոց՝ մասնակցելու գյուղի զինվորների հիշատակին նվիրված երեկոյին, սակայն երեկույթն ավարտվում է մեծ ծեծկռտուքով՝ հենց դպրոցի բակում:
Պարզվում է, միջոցառումից հետո, երբ մարզպետն իր գլխավորած պատվիրակության հետ փորձում է դուրս գալ այնտեղից, դարպասների մոտ մեքենան կայանած համագյուղացին մարզպետին տեսնելիս հեռախոսն ակաջից չի իջեցնում և մեքենան չի շարժում տեղից, որպեսզի հնարավորություն տա հյուրընկալ կողմին «բարձր մակարդակով» ուղեկցել արալեզցի բարձր պաշտոնյա ընտանիքին: Մարզպետին անհարմար դրությունից փրկելու համար առաջ է նետվում համագյուղացի Արտյոմ Ավետիսյանը: Կարատեիստ Արտյոմը, որին համագյուղացիները համարում են մարզպետի ամենահավատարիմ զինվորը, մոտենում է վարորդին և խնդրում է մեքենան առաջ շարժել․ նա էլ, թե՝ համբերեք, հեռախոսով եմ խոսում, հեսա ավարտեմ՝ քշեմ:
Սա առաջացնում է մարզպետ Թևոնյանի դժգոհությունը, բանը հասնում է լեզվակռվի ու վերածվում՝ ծեծկռտուքի: Կարատեիստ Արտյոմը մարզպետի «թասիբը» պահելու համար կամ գուցե նրա ուղիղ հրահանգով ծեծի է ենթարկում Արմանին՝ բոլորի աչքի առաջ»,- գրում է կայքը:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում