Լոնդոնում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հայ ընտանիք է փրկվել: Մեսրոպ Կասեմջյանը 4 News հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչպես է հրդեհի ժամանակ իր 68-ամյա հորաքրոջն օգնել դուրս գալ շենքի 17-րդ հարկից:
«Մենք կարողացանք դուրս գալ, բայց կորցրել ենք ամեն ինչ: Հիմա ես ունեմ միայն այն, ինչ կրում եմ ինձ վրա ու իմ հեռախոսը»,- պատմել է նա:
Կասեմջյանը պատմել է, որ ինքը ձայներ է լսել, որից հետո նայել է պատուհանից ու տեսել է, որ շենքն այրվում է: «Ես տեսա, որ կրակը շատ արագ բարձրանում է: Հորաքույրս քնած էր, ես արթնացրի նրան, և մենք սկսեցինք աստիճաններով ներքև իջնել: Միջանցքում ծուխ էր: Հորաքրոջս համար շատ դժվար էր, քանի որ նա ծեր կին է, իսկ ծուխը գնալով ավելի էր ուժեղանում, բայց մենք կարողացանք դուրս գալ շենքից: Երբ մենք դուրս եկանք, ես նկատեցի, որ շենքի մի կողմն ամբողջությամբ կրակի մեջ է»,- պատմել է հայ երիտասարդը:
Լոնդոնի արևմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը, ըստ պաշտոնական վերջին տվյալների, հասել է 79-ի: Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել է հունիսի լույս 14-ի գիշերը: Այն շարունակվել Է ավելի քանի երկու օր, ինչի հետևանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել Է:
Հրդեհի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ գտնվում էր հիվանդանոցներում, նրանցից 17-ը՝ օրհասական վիճակում էին: Հրշեջների տվյալներով՝ հրդեհից կարող էր տուժել շուրջ 120 ընտանիք:
Տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մերձակա հասարակական կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում: