Մարտի 3-ին, ժամը 05:33-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում: Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը նշեց, որ նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է գետնանցումի տակ ապրող անօթևանների անզգուշության հետևանքվ: Այրվել է կուտակված աղբը, անօթևան քաղաքացիներին որևէ վնաս հրդեհը չի հասցրել: Նրանց հետ ամեն ինչ կարգին է:
Գնդոյանը հերքեց միտումնավոր տարածքը հրդեհելու մասին որոշ օգտատերերի գրառումներ՝ ընդգծելով որ դիտավորության որևէ փաստ այս պահին բացահայտված չէ:
Նշենք, որ երեկ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրեց, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկի ավտոճանապարհային գետնանցման և Պարոնյան փողոցի հեղեղատար համակարգի ու անձրևընդունիչ հորերի կառուցման նպատակով Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկում 2018 թվականի մարտի 3-ից 2 ամիս ժամանակով՝ մինչև շինարարության ավարտը, կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Փոփոխության անդյունքում կդադարեցվի երթևեկությունը նշված գետնանցման դեպի Հաղթանակի կամուրջ ուղղության երթևեկելի մասով, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Խորենացու փողոց ուղղության տեղամասով երթևեկությունը կկազմակերպվի երկկողմ՝ յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտիով:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի