Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, որի հետևանքով վարորդն ու ուղևորը փրկարարների և գյուղացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից:
Վարորդը 1976 թվականին ծնված Հայկ Մանթաշյանն է, ով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի զինվորական հոսպիտալից հայտնեցին, որ նրա վիճակը բավարար է. «Գլուխն էր վնասվել, կար են դրել: Մի շարք վնասվածքներ է ստացել, սակայն վիրակապել են, հիմա վիճակը նորմալ է»,- ասացին հիվանդանոցից:
Մեզ հետ զրույցում Վանաձորի զինկոմիսարիատից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ վթարի ենթարկված մեքենայի վարորդ Հայկ Մանթաշյանն աշխատում է իրենց մոտ՝ որպես Պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման և ամրագրման նախորոշման բաժնի պետ:
Վթարված մեքենայի մյուս վիրավորը 1990 թ. ծնված Գոռ Սողոմոնյանն է, ով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Այնտեղից մեզ փոխանցեցին, որ հիվանդանոց ընդունման պահին վիճակը ծայրահեղ ծանր է եղել. «Բազմաթիվ տրավմաներ է ստացել, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, սակայն պետք է տեղափոխվի Երևան: Ընդունման պահին վիճակը շատ ծանր է գնահատվել, այս պահին չեմ կարող ասել»,- ասացին բժշկական կենտրոնից:
Իսկ թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռևս պարզվում է: Սակայն պետք է նկատել, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհն ամբողջությամբ պատված է մերկասառույցով, մեքենայի անվադողերը ևս գտնվել են ոչ բարվոք վիճակում:
Սոնա Հարությունյան