Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել: Տանը մահացած հայտնաբերվել են ամուսիններ 79-ամյա Երվանդ Խաչատրյանի և 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը տեղեկացրեց, որ Շուշանիկ Խաչատրյանը մեկ շաբաթ առաջ վատառողջ է եղել, բժիշկ են կանչել, կաթիլային են միացրել:
«Ասում են, որ կնոջը ինֆարկտ է խփել: Նա մեկ շաբաթ ոչ մի բան չի կերել: Իսկ ամուսնու մահվան մասին չեմ կարող ոչ մի բան ասել: Դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն, նոր պարզ կդառնա: Եթե մահը շմոլ գազից լինի, ապա դիահերձումից հետո, միևնույն է՝ ոչինչ չի պարզվելու, որովհետև պետք է արյան անալիզ անեն, որպեսզի տեսնեն՝ քանի տոկոս է եղել արյան մեջ շմոլ գազը, ինչն է հանգեցրել մահվան»,- մանրամասնեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ ամուսինները 4 երեխա ունեն՝ 3 աղջիկ, 1 տղա: «Աղջիկներն ամուսնացած են. մեկը Դդմաշենում գյուղում, մեկը՝ Գեղամավանում, մյուսը՝ չգիտեմ: Տղան էլ է ամուսնացած, բայց գտնվում էր ՌԴ-ում: Արդեն եկել է, գյուղում է: Իրենք նորմալ պայմաններում են ապրել, թոշակառու էին, կարողանում էին իրենց հարցերը կարգավորել»,- ասաց Ավետիսյանը: Հարցին՝ տարեց ամուսինները խնամող չե՞ն ունեցել, գյուղապետը պատասխանեց. «Դե ոտքի վրա են եղել, անկողնային պառկած չեն եղել: Միայն կինն է մեկ շաբաթ անկողնային պառկած եղել»:
Քննիչները տան զննությամբ հայտնաբերել են ինքնաշեն գազի սարքավորում, որն անվտանգության չափանիշներին համապատասխան չէ: Արդյոք գազի արտահոսքից են մահացել ամուսինները, թե ոչ, կպարզի քննությունը և նշանակված մի շարք փորձաքննությունները:
Քրիստինա Աղալարյան