Վիճաբանությունը սկսվել է վահրամաբերդցի երիտասարդներից մեկի կողմից ֆուտբոլ խաղալիս հնչեցրած հայհոյանքի պատճառով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Մարմաշեն-Վահրամաբերդ գյուղի երիտասարդների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, որի հետևանքով մահացել էր Վահրամաբերդի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանը, իսկ մարմաշենցի անչափահասը՝ 17-ամյա Հովհաննես Խաչատրյանը կալանավորվել է՝ սպանության կասկածանքով: «Ես էլ եմ լսել, որ մահացած երիտասարդը ֆուտբոլի խաղին չի մասնակցել, չգիտեմ՝ երբ է եկել այդտեղ: Զանգել, կանչել են 4-5 հոգու, թե ինչ՝ չգիտեմ, բայց ում մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, նա էլ ֆուտբոլ խաղալիս չի եղել: Նախնական զննությամբ պարզվել է, որ դեմքի վրա արտառոց կապտուկներ չեն եղել, բայց երկրորդ օրվա դիահերձման պատասխանը դեռ չկա: Իրավապահները զբաղվում են, քննիչներն առգրավվել են դեպքի վայրին մոտ գտնվող տեսախցիկները և կպարզեն՝ իրականում ինչ է եղել»,- ասաց Արշակյանը: Անդրադառնալով՝ մահացած 21-ամյա Զարզանդ Մանուկյանի քրոջ կողմից իր հասցեին հնչած մեղադրաքին, ըստ որի՝ ապատեղեկատվություն է տարածել, Մարմաշենի համայնքապետը նշեց. «Երբ ես խոսում եմ 2 կողմն էլ դաժան են ընդունում: Ավելի շատ կուզեմ հեռու մնալ մեկնաբանություններից, հատկապես որ իրավապահները զբաղվում են ու հարցաքննություններ են եղել: Էն ինչ-որ ես ասել եմ իմ հարցազրույցներում, ասել եմ այդ պահին գյուղում գտնվող 2 հարյուրից ավել իրապահ մարմիններից լսածը, որը նախնական զննության արդյունքներն են: Նրա ձեռքի վրա եղել են քերծվածքներ, դա դիահերձման ժամանակ արված նկարով եմ տեսել: Թե քանի՞ հոգի են եղել վիճաբանության ժամանակ՝ ես տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ ֆուտոլ խաղացել են 6-6 հոգով: Հեռախոսազրույցներով էլ կպարզեն, թե ինչ է եղել»,- նշեց համայնքապետը՝ ընդգծելով՝ չի ցանկանում, որ երկու գյուղի երիտասարդների միջև լարվածություն առաջանա: Խոսելով սպանության մեջ կասկածվող անչափահասի մասին՝ Մարմաշենի համայնքապետն ասաց, որ խելոք ընտանիքի երեխա է. «17 տարեկան երեխա է, իր մոտ ոչ մի արտառոց բան, ագրեսիվություն չեմ նկատել»,- նշեց նա:

 

Նշենք, որ Վահրամաբերդի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի քույրը՝ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Հեղինե Մանուկյանն, այսօր Aravot.am-ին մանրամասներ է ներկայացրել եղբոր սպանության դեպքից՝ նշելով, որ մամուլը երկու օր է ՝ ապատեղեկատվություն է տարածում՝ հղում անելով համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին։ Հեղինե Մանուկյանը պատմել է, որ իր եղբայրը չի մասնակցել Մարմաշեն ու Վահրամաբերդ համայնքների երիտասարդների միջև տեղի ունեցող ֆուտբոլի խաղին, ինչպես փորձում են ներկայացնել շահագրգիռ անձինք։ Նրան Մարմաշեն են կանչել՝ հեռախոսին SMS ուղարկելով ու տեղեկացնելով, որ վիճաբանություն է սկսվել ընկերոջ ու մարմաշենցիների միջև, որի համար էլ Զարզանդը գնացել է այնտեղ. «ՄԵկ ասացին կոկորդին են խփել, միանգամից խեղդվել է, հետո ասին՝ գլխին են հարվածել, տարբեր վարկածներ էին ասում։ Հետո պարզեցի, որ գցել են գետին, գլխին են հարվածել հետևի կողմից, ողնաշարից անջատվել, արյան զեղում է տվել: Եղբորս ընկերները պատմում են՝ երբ հասել են, կռիվն արդեն ավարտված է եղել՝ իրար ծեծած են եղել, բայց հաշիվ պարզելը շարունակվել է։ Եղբայրս բնավորությամբ հաշտարար էր, կռվասեր չէր, տեսնում է, որ Մարմաշենից 17 տարեկան տղան նորից է խփում իր ընկերոջը, հարցրել է ինչո՞ւ ես խփում, որին ի պատասխան՝ այդ 17 տարեկանը հրել է եղբորս։ Եղբայրս ասել՝ մի հրի, կանգնել ենք, տղամարդու պես խոսում ենք։ Երբ մի քիչ հեռացել են, Մարմաշենի տղաները խմբով եղբորս ու իր ընկերներին հետապնդած են եղել։ Եղբորս ընկերները Գևորգով են զբաղվել, Գևորգը ընկած է եղել, Մարմաշենի տղաները հետևներից են գնացել, բայց եղբայրս չի էլ նկատել, խոսեցրել են, հրել են, թե խփել, հիմա ստույգ չեմ կարող ասել, թեև արմունկին էլ վերք կար, գցել են վայր եղբորս, ու 17 տարեկան այդ տղան հետևից գլխին է խփել, Զարզանդի մահը վրա է հասել հենց այդ պահին։ Մարմաշենցի երիտասարդները թողել, փախել են, իր ընկերները ջուր են բերել, շտապօգնություն կանչել, բայց ինքն արդեն մահացել է։ Փաստորեն եղբայրս հասավ, որ ընկերոջը օգնի, անմեղ տեղը զոհ դարձավ»։ Հեղինե Մանուկյանը պնդում է, որ խմբակային սպանություն է եղել, մեկ հոգին չէր կարողանա իր եղբոր պես բարձրահասակ, թիկնեղ, սպորտով զբաղված տղային վայր գցել և պահանջում է, որ մյուսները ևս պատասխան տան։