Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում այսօր բռնկված հրդեհի պատճառը եղել է մեքենայի շարժիչի անսարքությունը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Գոքոր-Տուր» տուրիստական գործակալության աշխատակից Էմմա Խաչատրյանը, ով տվյալ գործակալության տնօրեն Կարինե Ղազարյանի քրոջ դուրստր է։
Մեր զրուցակցի խոսքով հրդեհը տեղի է ունեցել Բերդավան գյուղի վարչական տարածքում, որի հետևանքով այրվել են ուղևորների ողջ ուղեբեռը․ «Ոչ մի վիրավոր չկա, հասցրել ենք արագ դուրս գալ մեքենայից, որում նաև մանկահասակ երեխաներ կային։ Ամբողջ ուղեբեռն այրվել է ու մենք այնքան մեծ վնաս ենք կրել, որ էլ չասած»,- ասաց Էմմա Խաչատրյանը և հավելեց, որ այս պահին ողջ ուղևորների հետ միասին գալիս են Երևան տարբեր մեքենաներով։
Տուրիստական գործակալության աշխատակցուհին մեզ հետ զրույցում նաև նշեց, որ իրենց առաջինն օգնության են հասել գյուղի բնակիչներն ու անցնող զինվորները, իսկ հրշեջ ծառայությունն էլ ժամանել է կանչից 3-4 ժամ հետո, այն էլ առանց փրփուրի։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 8-ի գիշերը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. հրդեհ էր բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում: