Այսօր՝ հունիսի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երաժշտական ուսումնարանի մոտից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն ուսումնարանի Մշակույթի և պատմության ֆակուլտետի դասախոս 35-ամյա Վասիլ Գևորգյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ-քննչական խումբը Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի և Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ պարզել են, որ Վ. Գևորգյանը մարմնական վնասվածքը ստացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից՝ աճուկային շրջանում:
Ըստ բժիշկների հայտարարության՝ նրա վիճակը ծայրահեղ ծանր է, և նա ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Թ. Շուշանյանի հանձնարարականով քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ դանակահարությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը, ով դանակահարությունից հետո դիմել էր փախուստի և բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ մեղայականով ներկայացել է Վանաձորի ոստիկանություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանի համար, որ Ա. Մխիթարյանին ինչ-որ անձինք տեղեկացրել են, որ երաժշտական ուսումնարանի դասատուն նեղացրել է իր ընկերուհուն: