Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի և մյուս երկու վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից, երեք էլ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: «Բժիշկները նրանց ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել լաբորատոր գործիքային հետազոտում: Արմավիրի քաղաքապետի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, արյան զեղում. դեմքին առկա են բազմաթիվ վերքեր: Մյուս երկու վիրավորների մոտ առկա են մանր տրավմաներ, ախտորոշվել է ուղեղի ցնցում: Վերջիններն ունեն նաև բաց կոտրվածքներ»,- ասացին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:
Ավտոմեքենան ականապատ տարածքով անցնելիս պայթել էր, մեքենայում գտնված 4 անձանցից մեկը տեղում մահացել է, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվել են Երևան: Դեպքը տեղի է ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասում: