Տավուշի մարզում սեպտեմբերի 3-ին ադրբեջանական կրակահերթից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի (Մուրացանի հոսպիտալ) տնօրեն Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով' վիրավոր զինծառայողին վիրահատել են կրծքավանդակի հատվածում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրել է, որ Մուրացանի հոսպիտալում են Տավուշի Կոթի գյուղի երկու բնակիչ' մայր և որդի, նրանց վիճակն էլ բավարար է: «Նրանք այս պահին տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ, ունեն թեթև վնասվածքներ: Սահմանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Նոյեմբերյանի և Բերդի հիվանդանոցներում քաղաքացիական անձինք հիմա բուժօգնություն չեն ստանում»,- ասաց ԱՆ նախարարի տեղակալը:
Սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի հետևանքով Վազաշեն գյուղում վիրավորվել էին երեք քաղաքացիական անձինք, ովքեր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Սեպտեմբերի 2-ին հակառակորդի բացած կրակի հետևանքով վիրավորվել էր ևս երկու քաղաքացիական անձ: Պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը զոհվել էր: