Արցախից Երևան տեղափոխված վիրավոր զինծառայող Մյասնիկ Մարտունի Հովհաննիսյանի աչքերի վիճակը ծանր է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը:
Զինվորի առողջական վիճակի հետագա զարգացումների մասին պրոֆեսոր Մալայանը դժվարացավ որեէ բան ասել. «Ներկա դրությամբ զինվորի տեսողությունը վնասված է: Հետագայում խնդիրներ կլինեն, բայց թե ինչպիսի՝ այս պահին դժվար է ասել»,- նշեց նա:
Նշենք, որ հունիսի 16-ին՝ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել երկու զինվորն: Նրանք Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին:
Այս պահին զինվորներից մեկը գտնվում է «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում, իսկ մյուսը՝ Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք նաև՝ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 17-ին առավոտյան ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Սոնա Հարությունյան