Դեկտեմբերի 2-ին Արցախում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, սակայն դրական դինամիկա կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ ինքն անձամբ հանդիպել է զինծառայողի ծնողների հետ, անձամբ պատասխանել է նրանց բոլոր հարցերին ու հավաստիացրել, որ ՊՆ-ն ամեն ինչ անում է տղայի առողջությունը վերականգնելու համար:

Հավաստեց նաև, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե զինծառայողը դեռ շարունակում է մնալ Ստեփանակերտի հոսպիտալում:

«Մենք առնվազն երկու օր առաջ կազմակերպել ենք նրա տեղափոխումը Երևան ու Հայաստանի լավագույն բժիշկները մասնակցում են նրա բուժմանը, այդ թվում՝ վիրահատական միջամտությունների միջոցով: Պետք չէ հասարակության մեջ դժգոհություն հրահրել՝ սխալ ինֆորմացիա տարածելով: Լուրեր տարածողները միտում ունեն հասարակությանը շեղել իրականությունից:», - ասաց Բալայանը: