Էրեբունիում այս գիշեր հնչած կրակոցների արդյունքում գլխի վնասվածք ստացած երիտասարդի վիճակը ծանր է։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին տեղեկացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։
Նրա խոսքով՝ երիտասարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ «Նրան միացված է արհեստական շնչառական ապարատ։ Նա ստացել է գագաթի թափանցող վնասվածք, վնասվել է գլխուղեղը»,-փոխանցեց Հունանյանը։
Նշենք, որ գլխի շրջանում վիրավորում ստացած երիտասարդը 28–ամյա Կարո Կարապետյանն է, որն, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հիվանդանոցում ներկայացել է կեղծ տվյալներով։
Խոսնակի փոխանցմամբ՝ մյուս երիտասարդը ստացել է ենթամաշկային վնասվածք, վնասվել է ծոծրակը․ «Նեյրո-վիրաբույժի կողմից բժշկական միջամտությունից հետո նրա վիճակը բավարար է, այժմ գտնվում է հիվանդասենյակում»,-ասաց Էրեբունի ԲԿ-ի մամուլի խոսնակը։
Տուժածներից մեկն էլ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ՝ թևատակի զարկերակի վնասվածքով։ Նա ենթարկվել է վիրահատության, վիճակը համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը և պետք է վերականգնողական բուժում անցնի։
Հիշեցնենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Էրեբունի «ՏԷՑ» կոչվող վայրում, ինչի հետևանքով տարբեր ԲԿ–ներ են տեղափոխվել 3 անձինք։
Բժիշկներից ստացված տեղեկանքների համաձայն՝ տուժողներից եւ ոչ մեկն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու։
Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Վերոհիշյալ երեք երիտասարդները ճանաչվել են տուժող: