Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վիրավորվածները 3 հոգի են՝ մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ միջին, երրորդինը՝ թեթև:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև՝ զինվորներից երկուսը գտնվում են զինվորական հոսպիտալում, իսկ մյուսը՝ Վանաձորում:
Նշենք՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/:
Սոնա Հարությունյան