Գազալցակայանի պայթյունի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձանցից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության: Այս մասին տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնից: Հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը եղել է դեմքի, վերին վերջույթների, կրծաքանդակի բազմաթիվ սալջարդ-վերքերով, իսկ մյուսը' սրունքի բազմաբեկորային կոտրվածքով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին' ժամը 12.51-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և 1987 թ. ծնված Ա. Մ.-ը: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն: