Ապրիլյան դեպքերի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով օգոստոսի 5-ի դրությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու՝ օրենքով սահմանված գործընթաց է իրականացվել 20 զինծառայողների նկատմամբ, որոնցից 9-ն արդեն ստացել են հաշմանդամության կարգ: Ինչպես «Արմենպրես» -ի հարցադրմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ներկայում բուժման մեջ են գտնվում 3 հոգի, որոնցից 2-ի վիճակը դեռևս գնահատվում է ծանր: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում վերականգնողական բուժօգնություն են ստացել և շարունակում են ստանալ 6 հոգի, իսկ օտարերկրյա պետությունում՝ 2-ը: «122 զինծառայող դուրս են գրվել հոսպիտալներից և հիվանդանոցներից, իսկ 11-ը դեռևս հետբուժական արձակուրդում են»,-նշել է ՊՆ աշխատակազմի ղեկավարը:

 

Հետագա վիրահատական բուժման կարիք ունի մեկ զինծառայող, ում մոտ նախատեսված է կատարել կոնքազդրային հոդի պրոթեզավորում: «Տարբեր մակարդակներում վերջույթների ամպուտացիայով պրոթեզավորվել է 5 զինծառայող, որոնց պրոթեզավորումն իրականացվում է վերականգնողական օգնության շրջանակներում, ինչի կարգը և պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի՝ «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշմամբ»,-աված է պատասխանում: