ՀՀ Արագածոտնի մարզում հնչած կրակոցների հետևանքով ծանր վիրավորում ստացած երկու երիտասարդների վիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ:
Նշենք, որ կրակոցների հետևանքով մահացել են Ապարանի բնակիչ 1995 թվականին ծնված Համիկ Միքայելյանը և Ապարան քաղաքի բնակիչ 28–ամյա Տիգրան Հարությունյան, ով Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հորեղբոր թոռն է։