Արցախի սահմանի Մարտակերտի ուղղությամբ՝ փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կիրակոսյանը և հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանը շարունակում են մնալ Երևանի Մուրացան զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:
ԼՈՒՐԵՐ.com-ը պարբերաբար տեղեկանում է վիրավոր զինվորների առողջական վիճակի փոփոխության մասին: Մեզ հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ երկու զինծառայողն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, փոփոխություն չկա, միացված են արհեստական շնչառական ապարատին:
Իսկ ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի առողջական վիճակին, Ասատուրյանն ասաց՝ նա գտնվում է ընդհանուր բաժնում, վիճակը լավ է, ապաքինվում է: Նշենք, որ Ավանեսյանը ևս վիրավորվել էր հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, նրան վիրահատել էին, ոտքը՝ հեռացրել:
Ի դեպ՝ Գուրգեն Սարգսյանին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառած համածառայակից կրտսեր սերժանտը կալանավորվել է: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ մոռանալով ինքնաձիգից անջատել փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Գ.Սարգսյանին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում:
Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով (Նույն արարքը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է ռազմական տեխնիկայի ոչնչացում կամ այլ ծանր հետեւանքներ):