ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որն ուղեկցվում է հետաքրքիր քաղաքական գործընթացով: Տպավորություն է, որ ԱԺ պատգամավորներին չի էլ հուզում, թե ինչ ծրագիր է բերվել, ինչ առաջընթաց է լինելու առաջիկա տարիներին: ԱԺ-ի ընդդիմադիր՝ ԵԼՔ խմբակցությունը շատ կոնկրետ հարց է բարձրացնում. Էդմոն Մարուքյանը հարց է տալիս. «Պարո՛ն վարչապետ, ասեք կոնկրետ՝ այո կամ ոչ, 2018 թվականից հետո Դուք շարունակելո՞ւ եք լինել վարչապետ թե՞ ոչ»: Կարեն Կարապետյանը բնականաբար չտվեց հստակ պատասխան, նշելով, որ ինքը բազմիցս պատասխանել է այդ հարցին: Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց պնդել. «Ո՞ւմ հետ ենք գործ ունենալու»: Էդմոն Մարուքյանին միացավ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հեռու գնալով: Փաշինյանը վարչապետի ինքնասիրությունը գրգռեց, նրան «առաջարկելով» ավելի ցածր պաշտոն՝ փոխվարչապետի, կամ ասենք, Տարածքային կառավարման նախարարի պաշտոն, իսկ հարցին, թե Կարեն Կարապետյանը կհամոզի՞ Սերժ Սարգսյանին՝ լինել վարչապետ 2018 թվականից հետո, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ չի համոզի, իսկ ինքն էլ պատրաստ է շարունակել աշխատել:
Առաջին հայացքից՝ սովորական «ընդդիմություն-իշխանություն» լեզվակռիվ է, սակայն այս ամենի մեջ շատ խոր թաքնված քաղաքական խաղ կա: Ընդդիմությունն անում է ամեն ինչ, որպեսզի հեղինակազրկի վարչապետին, որը քիչ թե շատ հեղինակություն է վայելում հասարակության շրջանում:
Նախ սկսենք նրանից, որ ԵԼՔ-ը չի կարող ունենալ վարչապետ, որովհետև քաղաքական 3-րդ ուժն է, այսինքն՝ չունի մեծամասնություն: Հարց է առաջանում, ԵԼՔ-ի ինչի՞ն է պետք վարկաբեկել գործող վարչապետին: Սա հարց է, որը պետք է հետաքրքրի մեր հասարակությանը:
Իսկ ԵԼՔ-ը վարչապետին հեղինակազրկում է շատ հետևողականորեն: Էդմոն Մարուքյանը «սխալմամբ» նշում է. «Դուք մեկ տարուց ավել է՝ վարչապետ եք, իսկ ժողովուրդը սպասում է ռեֆորմների, Հայաստանը սպասելու ժամանակ չունի»: Նախ, Էդմոն Մարուքյանը, լինելով քաղաքական խաղերի կենտրոնում, դժվար թե չիմանար, որ Կարեն Կարապետյանը ոչ թե 1 տարուց ավել է վարչապետ, այլ ընդամենը 9 ամիս: Այսկերպ Մարուքյանը ցույց է տալիս երկար ժամանակ պաշտոնավարող վարչապետ և արված 0 գործ:
Այն, ինչ կատարվում է ԱԺ-ում՝ «Կառավարության ծրագրի» քննարկման անվան տակ, ոչ մի աղերս չունի կառավարության ծրագրի և ռազմավարության հետ, այս ամենը քաղաքական բեմի կուլիսներում կատարվող այն խաղն է, որից հետո Կարեն Կարապետյանը պետք է հեռանա՝ սուրբ տեղը թողնելով Սերժ Սարգսյանին, ում «կհամոզի» հասարակությունը:
Ընդդիմադիր ԵԼՔ դաշինքը, հեղինակազրկելով Կարեն Կարապետյանին, գործելու լայն ասպարեզ է տալիս Սերժ Սարգսյանին՝ 2018 թվականից հետո ղեկավարելու երկիրը որպես վարչապետ: Դե, իսկ Կարեն Կարապետյանի՝ «նեղանալ-գնալուն» հասարակությունը մեկ անգամ արդեն ականատես է դարձել: Այն ժամանակ էլ Կարեն Կարապետյանը հեռացավ Երևանի քաղաքապետի պաշոտնից:
Իսկ վերջում, որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ ելույթ ունեցավ Էդուարդ Շարմազանովը: Նախ՝ Շարմազանովը նշեց, որ այսօր ամենակարևոր հարցը երկրի անվտանգությունն է: Իսկ անվտանգությունն ապահովելու համար դիտարկվում է Սերժ Սարգսյանը: Շարմազանովը հստակ նշեց, որ անվտանգությունից հետո նոր գալիս է առաջընթացի հարցը, իսկ առաջընթացն արդեն Կարեն կարապետյանի խաղադաշտում է:
«Կուժ ասեմ, կուլա լսիր». «Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, գործ եք ունենալու Սերժ Սարգսյանի և ՀՅԴ-ի հետ»,-ԵԼՔ-ին հասկացրեց Շարմազանովը, իսկ Կարեն Կարապետյանին «լսեցրեց», որ իրենց համար առաջնայինը անվտանգությունն է՝ Սերժ Սարգսյանը:
Այս դեպքերից հետո արդեն կանխատեսելի է, որ կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ Կոալիցիան: Իսկ «Ծառուկյան» դաշինքն ու ԵԼՔ-ը, իշխանության թույլտվությամբ, անվստահություն կհայտնեն Կարեն Կարապետյանին՝ ցույց տալով դուռը:
Արսեն Սանամյան