«Հայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար կարևորագույն հարց է Հայաստանի քաղաքական համակարգի վերաֆորմատավորումը, և հիմա տարվում է այդ գործընթացը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
Բադալյանը շարունակում է. «Այսինքն՝ երեք քաղաքական ուժ, տվյալ դեպքում երկու դաշինք և մեկ կուսակցություն պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, և հանրապետականը դրա դեմ չի բողոքում։ ՀՀԿ-ն ունի բավարար ձայն և տեսականորեն կարող է 53 ձայնով թեկնածու առաջադրել։ Բայց կա մի քանի հարց՝ արդյոք 53-ն էլ կողմ կքվեարկեն Կարեն Կարապետյանին, որովհետև նրա և խմբակցության միջև կան խնդիրներ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման առաջին փուլում, երբ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ էր ընտրվել, ժողովրդական այդ ընդվզմանը ակտիվորեն մասնակցում էին Կարեն Կարապետյանին աջակցող ռուսաստանահայ գործարարների Հայաստանում ունեցած ձեռնարկությունների աշխատողները, և սա հայտնի էր նաև հանրապետական պատգամավորներին։ Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը «տակից աշխատել է Սերժ Սարգսյանի դեմ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։