Սերժ Սարգսյանը համառորեն շարունակում է պահել ինտրիգը՝ չհստակեցնելով, թե արդյոք ցանկություն ունի՞ 2018թ. ապրիլի 9-ից հետո գլխավորել կառավարությունը՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը։ Պատճառը թերևս 2014թ. ապրիլի 10-ին նախագահական նստավայրում նրա ունեցած ելույթն է, որով նա, ըստ էության, բացառել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։ Մյուս կողմից՝ վարչապետի աթոռը պահպանելու ցանկության մասին է հայտարարել Կարեն Կարապետյանը: Արդեն իսկ ուրվագծվում են հիմնական երկու սցենարները, որոնց կարող ենք ականատես լինել 2018-ին ընդառաջ: Առաջին սցենարը ենթադրում է մի իրավիճակ, երբ քաղաքական գործընթացները կընթանան Սերժ Սարգսյանի խաղի կանոններով: Այսօր արդեն ՀՀԿ-ն պաշտոնապես խոսում է վարչապետի հավանական փոփոխության մասին: Իհարկե, ՀՀԿ-ականները բաց տեքստով չեն խոսում այդ մասին, սակայն նրանց գործունեությանը ծանոթ լինելու դեպքում հասկանալի է դառնում, թե որն է իրենց հայտարարությունների իրական նպատակը: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն ասում է, որ վարչապետ կլինի այն մարդը, ով երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս կլուծի: Այս խոսքերից պետք է եզրակացնել, որ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածության մասին, քանի որ ՀՀԿ-ի համար երկրի առաջ ծառացած խնդիրների լավագույն լուծողը Սերժ Սարգսյանն է:
 
Սակայն առկա է նաև իրադարձությունների զարգացման երկրորդ՝ անկանխատեսելի տարբերակը: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է բացահայտ առճակատման գնալ Սերժ Սարգսյանի հետ՝ 2018-ին վարչապետի պաշտոնը պահպանելու նպատակով: Եթե Կարապետյանը որոշի պայքարել վարչապետի պաշտոնի համար՝ ի հեճուկս Սերժ Սարգսյանի, նա ստիպված է լինելու տրոհել ՀՀԿ խմբակցությունը, որովհետև առանց ՀՀԿ խմբակցության գոնե մի մասի աջակցության՝ հնարավոր չէ նոր խորհրդարանական մեծամասնություն ձևավորել։ Նման սցենարի իրականացման դեպքում ԵԼՔ-ի և ինչու չէ՝ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը կարող է խիստ կարևորվել։ ԵԼՔ-ը անթաքույց կերպով սիրաշահում է Կարեն Կարապետյանին՝ աչքի տակ ունենալով հենց հավանական սցենարը, որը ԵԼՔ-ի համար իրական աստեղային ժամի կվերածվի՝ այդ դեպքում 9 հոգուց կազմված խորհրդարանական խմբակցության արժեքը կտրուկ կբարձրանա: Միայն թե ՀՀԿ խմբակցությունը պառակտելու և այնտեղից աջակցություն ստանալու հարցը խիստ կասկածելի է։ ՀՀԿ-ում, իհարկե, կան նախագահ Սարգսյանից նեղացածներ և փոփոխություններ ցանկացողներ, միայն թե նրանք չեն համարում, որ Կարեն Կարապետյանը կարող է բավարարել իրենց սպասումները: Մյուս կարևոր հարցն է, արդյո՞ք ՀՅԴ-ն, որն այսօր կոալիցիոն կառավարության մաս է կազմում՝ 2018-ին կարող է կանգնել Կարեն Կարապետյանի կողքին: Այս հարցին միանշանակ պատասխան չկա, սակայն Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովն ի ցույց դրեց Դաշնակցության նեղվածությունը իշխանություններից, ինչն իր արտահայտությունը գտավ Արամ Ա-ի ելույթում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Անթիլիասը ֆինանսապես սնուցվում է հենց ՀՅԴ կողմից, հետևաբար, սա կարելի է դիտարկել իբրև ՀՅԴ-ի տողատակերով լի մեսիջը՝ Սերժ Սարգսյանին:
 
Կարապետյանի համար որոշիչ գործոն կարող է դառնալ «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը, ինչը քիչ հավանական է, քանի որ ի տարբերություն ԵԼՔ-ի՝ «Ծառուկյան» դաշինքն ավելի հակված է պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այնուամենայնիվ, եթե «Ծառուկյան» դաշինքն աջակցի Կարեն Կարապետյանին, այդ դեպքում վերջինիս կհաջողվի իր կողմը գրավել ՀՀԿ ֆրակցիայից առնվազն 10-12 հոգու, ինչն էլ հնարավորություն կտա հաջողության հասնել Սերժ Սարգսյանի հետ այդ բացահայտ առճակատման մեջ և փոխել ԱԺ քարտեզը։ Իրավիճակը կտրուկ կարող է փոխվել հօգուտ Կարեն Կարապետյանի նաև այն պարագայում, եթե ակտիվորեն խաղի մեջ մտնի Սամվել Կարապետյանը, ում հետ, ինչպես գիտենք, վարչապետն օրերս քավոր-սանիկական հարաբերություններ հաստատեց: Չմոռանանք, որ ինքը Սամվել Կարապետյանը հանդիսանում է Գագիկ Ծառուկյանի քավորը և ժամանակին Ծառուկյանի ու Սարգսյանի հաշտեցման գործում նրա ավանդը հաշվի առնելով, չի բացառվում, որ այս անգամ էլ Տաշիր Գրուպի սեփականատերը կարող է օգտակար լինել Կարեն Կարապետյանին՝ Ծառուկյանի հետ համաձայնության եզրեր գտնելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ քավոր-սանիկական հարաբերություններից զատ, թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը նախևառաջ գործարարներ են, հետևաբար, դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս խաղը: Պատճառն այն է, որ մեր քաղաքական դաշտը հիմնված է բիզնես տրամաբանության վրա, հետևաբար, այս պարագայում առաջ կգա այդ տրամաբանության մեջ գործող «հետաքրքիր առաջարկի» ինստիտուտը: Ըստ այդմ, քաղաքական վերադասավորումներն էլ կտեղավորվեն առաջարկի-պահանջարկի սահմանների մեջ և հաղթողը կդառնա նա, ով կներկայացնի լավագույն բիզնես առաջարկը:
 
 
Ստելլա Խաչատրյան