Այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն իր բացման խոսքում լավատեսական խոստում տվեց՝ այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն են առաջարկում, որը հիմքեր կստեղծի ապագայում ապահովելու միջինը՝ 5%-անոց տնտեսական աճ: Միևնույն ժամանակ՝ նա ընդգծեց, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունն արտաքին աշխարհից բացասական ցնցումների է ենթարկվում, որի արդյունքում տնտեսական աճի ցածր մակարդակ է նկատվել: «Ընթացիկ զարգացումները թեև հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար»,-ասաց վարչապետը։ Փաստացի՝ Կարեն Կարապետյանն ընդունում է այն փաստը, որ կառավարությունը չի հասել իր իսկ սահմանած նշաձողին:
 
Տնտեսական աճի նման ցածր մակարդակը բավականին անհագստացնող է, որովհետեւ ակնհայտ է, որ տնտեսական աճի այսպիսի տեմպերով հնարավոր չէ կրճատել 18%-ը գերազանցող գործազրկության և 31%-ը գերազանցող՝ աղքատության մակարդակները:Տնտեսագիտական հետազոտությունները պնդում են, որ միայն տնտեսական աճի 5% և ավելի մակարդակի պայմաններում է հնարավոր նշանակալիորեն կրճատել աղքատության մակարդակը և ապահովել զբաղվածության աճ: Տնտեսագիտության մեջ տարածված մեկ այլ կանոնի համաձայն («70-ի կանոն»)՝ տնտեսական աճի 0.5%-ի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա կրկնապատկել իր ՀՆԱ-ն միայն 140 տարի հետո:
 
ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ առաջին նիստում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Հայաստանը պետք է տարեկան միջինը 5% իրական տնտեսական աճ ապահովի՝ զարգացած երկրների հետ տարբերությունը կրճատելու համար։ Այդ դրույթը տեղ գտավ նաև կառավարության ծրագրում։ 5% տնտեսական աճի իրատեսական լինելու վերաբերյալ՝ երկրի նախագահը նշեց, որ ինքը բարձր նշաձողի կողմնակից է, ոչ թե այն մոտեցման, որ կարելի է խոստանալ համեստ 2% տնտեսական աճ, և 3% աճ ապահովելու դեպքում հպարտանալ։ Իսկ նախկինում խոստացված ու տեղի չունեցած աճերի մասով՝ Սերժ Սարգսյանը նախ հիշեցրեց, որ 2013 թվականին խոստացվել էր 5-7%, սակայն եղավ 3% և ասաց մի շատ կարևոր արտահայտություն. «Դրա համար կառավարություններ են նաև փոխվել»։ Այսինքն՝ փաստացիորեն առաջին անգամ՝ երկրի նախագահն անուղղակիորեն հայտարարեց, որ նախկին վարչապետները պաշտոնից հեռացել են տնտեսական աճը ձախողելու պատճառով։ Կամ, եթե կուզեք՝ պատժվել են՝ խոստումը չկատարելու համար։ Այսինքն՝ նախագահն առաջին անգամ ակնարկում է պատասխանատվության մեխանիզմը գործի դնելու՝ փաստացի օրինակների մասին։
 
Ո՞ւմ էր ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի այս մեսիջը, եթե ոչ ներկայիս վարչապետ Կարապետյանին, ով վերջին շրջանում չի թաքցնում իր քաղաքական ամբիցիաները՝ 2018-ին ընդառաջ: Սակայն այդ ամբիցիաների բավարարման համար պայմանները բնավ էլ նպաստավոր չեն: Արժույթի միջազգային հիմնադրամը վերջին հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ կառավարության կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները շատ ավելի օբյեկտիվ են լինում, որովհետև նրանք, ի տարբերություն կառավարության, հայաստանյան քաղաքականության սուբյեկտ չեն և մեր երկրում չունեն ընթացիկ քաղաքական շահեր: Միջազգային կառույցների վերլուծությունները փաստում են՝ ներդրումային բումն այդպես էլ տեղի չունեցավ: Իրավիճակը չի կարող փրկել անգամ կառավարության մանիպուլյատիվ խորամանկությունը, որովհետև հիշվում է միայն Սամվել Կարապետյանի սահմանափակ ներդրումների մասին, որոնք, սակայն, ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետև այդ բառը որդեգրել են՝ հիմքում դնելով կրճատումը: Ստեղծված իրավիճակում՝ գործող վարչապետը կամ պետք է գլխից վեր ցատկի՝ Ներդրողների ակումբին համոզելով մինչև 2018-ը շոշափելի ներդրումներով հանդես գալ, ինչը քիչ հավանական է, հաշվի առնելով այս կառույցի ֆորմալ բնույթը, կամ՝ պետք է հաշտվի նախորդների ճակատագրի հետ, այն է՝ հեռանա:
 
 
Ստելլա Խաչատրյան