Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ ներկայիս Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն բնորոշմանը, թե Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում քայլեր արվել են, բայց դրանք բավարար չեն եղել:

Հովհաննիսյանն այդ ձևակերպումը համարում է ոչ թե գնահատական կամ նկատողություն, այլ՝ գործող նախարարի կողմից սեփական աշխատանքնեերի ուրվագծման մարտավարություն. «Այդպիսի ձևակերպումը կարելի է հավասարապես կիրառել բոլոր նախկին նախարարների նկատմամբ, ինչպես նաև գործող նախարարի նկատմամբ՝ որոշ ժամանակ անց»:

Հարցին` գուցե Դավիթ Հարությունյանը փորձում է ինքնահաստատվե՞լ նախկինին քննադատելով, Հովհաննիսյանը պատասխանեց, թե չի կարծում, որ նա այդպիսի խնդիր ունի:

Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց՝ քանի դեռ մենք չենք հասել այն վերջնարդյունքին, որին բոլորս ձգտում ենք, կարող ենք ասել, որ արված աշխատանքները բավարար չեն. «Բավարար լինելը գնահատվում է երկու գործոնով՝ ժամանակի ու տարածության մեջ բավարար, և վերջնարդյունքին հասնելու և հաջողություն արձանագրելու մեջ բավարար: Վերջնարդյունքին կհասնենք այն դեպքում, երբ մենք կունենանք, օրինակ, ժամանակակից չափանիշների համապատասխան քրեակատարողական հիմնարակներ, որտեղ և՛ սննդի, և՛ հիգիենայի, և՛ տեղաբաշխման, և՛ պայմանական վաղաժամկետ ազատման և մի շարք այլ ինստիտուցիոնալ հարցեր լուծված կլինեն ու նյութատեխնիկապես ապահովված կլինեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրանց հասնելու համար քայլեր կատարվում են անընդհատ:

Սոնա Հարությունյան