Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել երկկողմ հարաբերությունների եւ Պարսից ծոցի ճգնաժամի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Al Jazeera հեռուստաալիքը հունիսի 21-ին հայտնել է Twitter-ում: «Կատարի էմիրը ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահին երկկողմ հարաբերությունների եւ Պարսից ծոցի ճգնաժամի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 13-ին Մոսկվայում տեղի են ունեցել Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիի բանակցությունները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կատարի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին արաբական երկրների հետ դիվանագիտական հակամարտության ֆոնին առաջարկված օգնության համար:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Սենեգալը, Նիգերը եւ Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: