Ո՞րն է քաղաքական կուսակցությունների թիվ մեկ առաքելությունը: Ցանկացած կուսակցություն, ըստ էության, առջնահերթ կերպով մեկ բանի է կոչված՝ դառնալու հասարակության ամենալայն շերտերի շահերի արտահայտիչն ու պաշտպանը: Հանդիսանո՞ւմ են այսօր Հայաստանի առաջատար կուսակցություններն այդպիսիք, թե՞ դրանցից ամեն մեկն ընդամենը սեփական քաղաքական շահերն է փորձում բոլոր հնարավոր միջոցներով առաջ տանել, թերևս, խոսակցության միանգամայն այլ թեմա է, բայց որ դրանց բացարձակ մեծամասնությունն իրենց՝ ժողովրդի նկատմամբ ունեցած «սերն» ու «ուշադրությունը» գլխավորապես արտահայտել են միայն նախընտրական քարոզարշավներում, անվիճելի է. ընտրություններից հետո, որպես կանոն, քաղաքական ուժերն այլևս մոռանում են ժողովրդին ու խորանում միայն նեղ կուսակցական շահերի սպասարկման մեջ:

Պարզվում է՝ բոլորովին վերջերս Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել՝ «Ազգային պաշտպանության լիգա» անունով: Կուսակցությունը հայտարարել է, որ պայքարելու է՝ ուշադրությո՛ւն, ի պաշտպանություն վարորդների իրավունքների պաշտպանության ու ոլորտում առկա խնդիրների համար լուծումներ գտնելու ուղղությամբ. ուշադրության կենտրոնում լինելու են հատկապես տաքսիստները: Լա՞վ է այս ամենը, թե՞ վատ, աշխուժացնելո՞ւ է արդյոք նոր կուսակցության ստեղծումը Հայաստանի քաղաքական կյանքը, թե՝ ոչ, իհարկե, ժամանակը կարող է ցույց տալ, սակայն այն, որ նմանօրինակ կուսակցության հիմնումը խոսում է ամենևին էլ ոչ այնքան լավ բանի մասին, անհերքելի է: Ակնհայտ է չէ՞, որ եթե հասարակության առանձին շերտի շահերը սպասարկող  սեպարատ կուսակցություններ ստեղծելը դառնա ընդունված մի բան, ապա անկասկած՝ Հայստանը կարճ ժամանակ անց համաշխարհային ռեկորդ կսահմանի՝ երկրում գործող կուսակցություների թվով, քանի որ չկա որևիցե հասարակական շերտ, որն այսօր խնդիրներ չունենա:

Իրականում, սակայն, այս ամենը լրջագույն մտորումների տեղիք չի կարող չտալ, ու եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ սա իշխանական հերթական պրոյեկտ է, ապա ակնհայտ է, որ նույնիսկ այդ պարագայում՝ սա, ըստ էության, ուղղակի գնահատականն է, ասենք, նույն ԱԺ-ում այսօր հանգրվանած քաղաքական ուժերի, որոնք, փաստորեն, գրեթե լիովին կտրվել են իրենց շրջապատող իրականությունից: Եթե կարիք է զգացվում առանձին կուսակցություն հիմնելու՝ մի հասարակ խնդիր լուծելու համար, ապա էլ ո՞րն է ժողովրդի ձայները «վաստակած» համապատասխան քաղաքական ուժերի բանուգործի անունը...

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ