Կառավարության գործունեության մեկ տարին է ամփոփում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն. «Ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը դառնալու է 5 տարի»:
Ըստ նախարարի՝ հանրապետության տարածքում տեղադրվել են 1000-ից ավելի ճանապարհային նշաններ և ճանապարհային անվտանգության հարցը կարևորում են նաև միջազգային կառույցները: «ԵՄ-ի հետ աշխատանքներում ևս անդրադարձ է կատարվում ճանապարհային անվտանգության հարցերին, և ԵՄ-ի կողմից 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրվել՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարն անդրադարձավ նաև միջպետական ճանապարհներին և միջպետական հաղորդակցությանը՝ նշելով, որ շուտով ոչ միայն Վրաստանով դեպի Ռուսաստան կարող ենք անարգել գնալ, այլ նաև ամբողջ աշխարհ. «Ես լավատես եմ, քանի որ ժողովուրդները շփման կարիք ունեն, հետևաբար, ճանապարհները բացվելու են: Ձմռանն ընդառաջ՝ լավ լուր կա Լարսի ճանապարհով երթևեկողների համար, քանի որ վրացական կողմն ավելացրել է ճանապարհները մաքրող տեխնիկական միջոցները»,-ասաց Մարտիրոսյանը: