Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:
Միաժամանակ, սահմանվել է անցումային դրույթ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը կազատվի վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից:
Այս դրույթը նպատակ ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտերի վրա տարածել սույն օրենքի հետադարձ ուժը, այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատերը սույն օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել վարչական ակտի մասին և տուգանքն ավելացել է, նա ազատվում է տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը:
Կառավարության առաջարկած այս նորմը բխում է տասնյակ հազարավոր քաղաքացիների շահերից: