ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
Հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների օր:
Արցախյան ազատամարտում ամենից շատ անհայտ կորածներ եղել են 1992-ի հունիսի 29-ին` Մարտակերտի պաշտպանության ժամանակ: 76 ազատամարտիկների մասին այդ օրվանից տեղեկության չկա: Դրանց թվում էին «Արմավիր», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արաբո» եւ Արցախի մի շարք ջոկատների ազատամարտիկներ: Ընդհանուր առմամբ Արցախյան պատերազմում անհայտ կորած են համարվում շուրջ հազար մարդ:
Դառն ու դաժան է այս մարդկանց հարազատների հոգեվիճակը, ովքեր տարիներ շարունակ ամեն մի վայրկյան սպասում են իրենց հարազատի վերադարձին կամ գոնե ինչ-որ լուրի, տեղեկության իրենց հարազատի մասին: Թե´ մեր պետությունը, թե´ Երկրապահ կամավորականների միությունը ուշադիր են անհայտ կորածների հարազատների խնդիրների նկատմամբ: Արդեն 20 տարուց ավելի է` անհայտ կորածների հարազատները սպասում են իրենց որդիների, ամուսինների, հայրերի վերադարձին: Եռասերունդ երկրապահական ընտանիքն ամեն տարի հունիսի 29-ին մասնակցում է անհայտ կորածներին նվիրված միջոցառումներին, Երկրապահն էլ տարբեր մարզերում կազմակերպում է միջոցառումներ:
Երկրապահ կամավորականների միությունը անհայտ կորածների հարազատների սոցիալական, իրավական, բարոյական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, այս ընտանիքների զավակների ուսուցման, աշխատանքի տեղավորման հարցերում մշտական հետեւողական աշխատանք է տանում:
Անհայտ կորած ազատամարտիկների հարգելի´ հարազատներ, եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից հավաստիացնում եմ, որ ձեր հարազատներն անմահացել են, որ նրանց կատարած հայրենանվեր սխրանքն իզուր չի եղել: Դուք կարող եք ձեր հայրենիքում` մե´ր հայրենիքում հպարտանալ, քայլել գլուխը բարձր, քանզի հենց ձեր հարազատներն են երաշխավորել բոլորիս այսօրվա անդորրը, ստեղծարար առօրյան:
Գլուխ ենք խոնարհում զոհվածների, անհայտ կորածների եւ նրանց հարազատների առաջ: