ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաձայն չէ տարածված լուրերի հետ, թե Հայաստանից սփյուռքի մեր հայրենակիցներին ուղարկվող սննունդն ու հագուստն անպիտան և անօրակ է. «Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ են ուղարկում, դա իմ պարտավորությունը չէ, որ բացեմ և հատ-հատ ցուցակները ստուգեմ, բայց վստահեցնում եմ, որ մեր սփյուռքի հայրենակիցներին ուղարկվում է Հայաստանում կարվող հագուստ, մենք նրանց բրենդային հագուստներ չենք ուղարկում, նրանց ենք հասցնում նաև ծխախոտ և սնունդ: Ավելին ասեմ՝ նրանց համար նորամուծություն է հնդկաձավարը. նրանք հնդկաձավար չեն ուտում, գուցե դա են համարել անպիտան և թափելու»,-ասաց նախարարը՝ շեշտելով, որ մեկ հոգու տեսակետն ու կարծիքը չի կարելի դարձնել ընդհանրական:
Նախարարը նաև նշեց, որ այս տարի Հայաստանից հինգ ինքնաթիռ հումանիտար օգնություն է հասցվել Սիրիա, որը բաժանվել է ոչ միայն հայերին, այլ նաև արաբներին:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հայտնվեց հրապարակում այն մասին, որ Քեսաբի ծերերին Հայաստանից հատկացվել է սնունդ եւ հագուստ, որոնք եղել են անորակ: Ինչպես նշված է հրապարակման մեջ, սնունդը ուտելու բան չի եղել, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի:
«Ուղղակի թափել ենք, խայտառակություն է: Հագուստը նույնիսկ մուրացկանները չեն վերցնում: Ավելի լավ է՝ չուղարկեն, ամոթ է: Հայաստանի բյուջեն թալանում են` սիրիահայերին օգնություն ցուցաբերելու անվան տակ»,- իր բողոքն էր հայտնել քեսաբահայ Վահե Մահշիկյանը: