Այն, որ տարեցտարի Հայաստանի գիտությունը միայն անկում է ապրում, իսկ գիտական ինստիտուտների մի մասն էլ վաղուց վերածվել են ինչ-որ ձևական բնույթ կրող հիմնարկների, կարող է վկայել ցանկացած մեկն, ով քիչ թե շատ առնչություններ ունի ոլորտի հետ: Այսօր Հայաստանի գիտության թիվ մեկ խնդիրը ուղեղների արտահոսքի կասեցումն է, գիտնականին Հայաստանում պահելն ու ոլորտը որակյալ կադրերով համալրելը: Եթե չփոխվի գիտության ոլորտում պետության որդեգրած քաղաքականությունը, ապա ընդամենը կարճ ժամնակ անց Հայաստանը զրկվելու է գիտական մի շարք ճյուղերում իր ունեցած պոտենցիալից:

Բանից պարզվում է, սակայն, փոխարենը ստեղծված իրավիճակից ռացիոնալ ուղիներ փնտրելու, ելքեր գտնելու՝ ընդունվում են որոշումներ, որոնք իսկական սպառնալիք կարող են դառնալ հայաստանյան գիտության գլխին, խնդրի առաջ կանգնեցնել բազմավաստակ գիտնականներին, որոնք հայ գիտության ողնաշարն են այսօր հանդիսանում: Մասնավորապես՝ գիտական շրջանակներում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից նոր ընդունված այն որոշումը, համաձայն, որի՝ արգելվում է 70-ն անց գիտնականներին ղեկավարել կոմիտեի դրամաշնորհային ծրագրերը: Ու չնայած Գիտության պետական կոմիտեն իր այդ որոշումը փորձել է պայմանավորել երիտասարդ գիտնականներին ստվերում չթողնելու բուռն ցանկությամբ, սակայն ակնհայտ է, որ բերվող պատճառաբանությունները չեն կարող սպառիչ համարվել: Մասնավորապես՝ բավական լուրջ խնդիր կա՝ կապված մեր ունեցած գիտական պոտենցիալի հետ: Այսօր լուրջ գիտնականների բացարձակ մեծամասնությունն անգամ միջին տարիքի էլ չէ, ինչը ստեղծում է վտանգ, որ նման պատասխանատու առաքելությունը՝ գիտական ծրագրերի ղեկավարումը, վստահելով երիտասարդ գիտնականներին՝ վտանգի տակ է առնվում ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

Եվ հետո՝ ո՞վ է ասել, որ գիտությունն այն ոլորտն է, ուր առաջնահերթությունը պետք է տրվի այս կամ այն տարիքային խմբին՝ առանց հաշվի առնելու իրականությունը: Եթե տարիքով գիտնականն իր ոլորտին տիրապետում է  մի քանի անգամ ավելի լավ, քան ասենք 30-40 տարեկաններն, ապա ինչ խնդիր կա հենց նրան վստահելու կառավարման ղեկը: Սա էլ հո կոնսուլտանտի կամ մատուցողի աշխատանք չէ՞, որ երիտասարդ տարիքն են որպես որոշման ելակետ սահմանում (լավ է ֆիզիոլոգիական այլ սահմանափակումներ էլ չեն մտցրել...):

Բացի սա՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ այսօր փորձառու, բայց մեծահասակ գիտնականներին փոխարինողներ, ցավոք, քիչ կան: Մենք չենք կարողացել շատ մասնագիտությունների  գծով ավագներին արժանի փոխարինողներ կրթել, մենք այսօր երիտասարդ տարիքի լուրջ գիտնական շատ քիչ ունենք, որոնք կկարողանային լիովին փոխարինել իրենց ավագ գործընկերներին: Այնպես որ՝ համապատասխան որոշումը հիմնավորել գիտության մեջ սերնդափոխություն անելու բարի ցանկություններով, այնքան էլ հիմնավոր չի հնչում:

Տեսնես Լևոն Մկրտչյանն անձամբ այս ամենի մասին ի՞նչ է մտածում: Գիտնականների բողոքն արդարացի՞ է, թե՞ նրանք ուղղակի նախանձում են երիտասարդներին: Հուսանք՝ մի օր հայտնի կդառնա...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ