Թեպետ իշխանություններն ամեն ինչ անում են՝ նախընտրական այս շրջանում հնարավորինս ներկայանալի տեսքով դիմավորելու ապրիլի 2-ը, սակայն սույն հանգամանքը, դատելով ամենայնից, ոչ մի կերպ չի օգնում՝ կոծկելու այն բոլոր համակարգային բացթողումները, որոնք, չնայած նույնիսկ նախարարների փոփոխությանը, ոչ մի կերպ չի հաջողվում չեզոքացնել:

Գյուղատնտեսության խնդիրների մասին, թերևս, խոսվել է բազմիցս: Ինչ-ինչ, բայց 2016թ-ը գյուղատնտեսության զարգացման առումով ոչ մի կերպ բեղուն տարի չես համարի. ոլորտային բոլոր ցուցանիշներն առանձնապես հուսադրող չեն: Նույնիսկ բանը հասել է նրան, որ Իգնատի Առաքելյանի տեղակալ Ռոբերտ Մակարյանն, ինչ-որ կերպ արդարացնելու համար տարվա աննախադեպ անկումային ցուցանիշները, փորձել է անհաջողությունների ողջ պատասխանատվությունը բարդել խաղողի վրա. պարզվում է՝ ոլորտի 20-30% անկումը բացատրվում է այն հանգամանքով, որ միանգամայն անսպասելիորեն խաղողի 2016թ-ի բերքը 30% ցածր է եղել նախորդ տարվա ցուցանիշից:

Թե որքանով է այս պատճառաբանությունը հիմնավոր, իհարկե, դեռևս լայն քննարկման հարց է մնում, բայց որ գյուղատնտեսության նախարարությունը գրեթե «մատը մատին չի տալիս»՝ առնվազն հայ գյուղացուն ներկրողներից պաշտպանելու համար, փաստ է: Այսպես՝ Հայաստանի Ագրարագյուղացիական միավորումը ճշտված տեղեկություն է հրապարակել այն մասին, որ հայկական խոշոր մի առևտրային կազմակերպություն, որը հայ գյուղացիներից կարտոֆիլ էր ձեռք բերում, հիմա հրաժարվել է հայկական կարտոֆիլից՝ հայտարարելով, որ արդեն Թուրքիայից են ներկրելու:

Թե ինչով կարող է պայմանավորված լինել գյուղատնտեսության նախարարության անտարբերությունն ու թողտվությունն այս հարցում մի պարագայում, երբ ոչ միայն կոպտորեն ոտնահարվում են հայ գյուղացու կենսակայն շահերն, այլև միանգամայն իրական վտանգ է առաջանում՝ պարենի անվտանգության խնդրի հետ կապված (հարևան Պարսկաստանից ու Թուրքիայից պարենայինի անվան տակ ներկրված կարտոֆիլը շատ հաճախ հետագայում սերմացուի անվան տակ է վաճառվում, ինչի հետևանքով վարակվում են հայկական հողերը), մնում է միայն անհուսորեն կռահել:

Ինչո՞ւ է ամեն անգամ ստացվում այնպես, որ մշտապես հայ գյուղացիությունը սեփական բերքը սեփական հայրենիքում իրացնելու խնդիր է ունենում: Ո՞ւր են նախարարության կողմից իրականացվող այն հիմնավոր հաշվարկները, որոնք կարող էին ու պետք է օգնեին ոլորտի ղեկավարությանը՝ Հայաստանի ինքնաբավության հարցը լուծելու կարևորագույն գործում: Հետո էլ ոմանք բողոքում են, թե այս կամ այն գյուղատնտեսական տարին գծուծ էր, թե եղանակներն անբարենպաստ էին գյուղատնտեսության զարգացման համար և այլն: Եթե հայ գյուղացին թուրքի կարտոֆիլի պատճառով իր ստացած բերքի հետ չի իմանալու՝ ինչպես վարվի, էլ ո՞րն է իմաստը գյուղատնտեսության թերզարգացվածությունն այս կամ այն օբյեկտիվ պատճառներով պայմանավորելու փորձերի իմաստը...

Ցավոք, ինչպես շատ ոլորտներում, գյուղատնտեսության բնագավառում ևս, գովազդվող բարեփոխումների արգասիքն այդպես էլ մինչև վերջ աննշմարելի է մնում: Որքան էլ ոլորտի պատասխանատուները փորձեն ստեղծված անհույս վիճակի մեղավորությունը բարդել բնության, բերքի կամ, ասենք, ճանճերի վրա, փաստը մնում է փաստ, որ էֆեկտիվ լուծումներ գտնելու ճանապարհին գերատեսչությունն այս հանդիպում է լրջագույն խոչընդոտների, ինչը, թերևս, պետք է կադրային լրջագույն սովի պատճառ համարել կամ խնդրով լուրջ զբաղվելու չկամություն:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ