«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Փաստն» անդրադարձել էր այն խնդրին, որ այս պահի դրությամբ համագումարի ժամանակ նոր կուսակցություն ձևավորելու մասին հայտարարած կուսակցություններից ոչ մեկը դեռ չի հասցրել օրենքով սահմանված կարգով գրանցվել: Ու եթե մինչև նոյեմբերի կեսերը չհասցնեն գործընթացն ավարտին հասցնել, ապա չի բացառվում, որ նորաստեղծ կուսակցությունները չմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: 

 

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը «Փաստին» տեղեկացրել էր, որ կան կուսակցություններ, որոնց գրանցման հարցը գործընթացի մեջ է, բայց այս պահին դեռ չի ավարտվել: Իսկ ապրիլից հետո գրանցվածները «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան», «Հայոց հայրենիք» և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություններն են:

Ընտրական օրենսգրքի 84–րդ հոդվածի 2– րդ կետի համաձայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում է կուսակցության կանոնադրությունը: Դաշինքում ընդգրկվելու դեպքում նույնպես պետք է կուսակցությունների կանոնադրությունները ներկայացնել: Եվ այս պայմաններում հարց է ծագում, թե նորաստեղծ կուսակցություններին արդյո՞ք կհաջողվի տեղավորվել ժամանակի մեջ ու մասնակցել արտահերթին:

Իրավաբան Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն գրանցված կուսակցությունները: Այսինքն, գրանցման գործընթացի մասին արդարադատության նախարարությունից ներկայացված տեղեկանքը կուսակցություններին չի օգնի:

«2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության գրանցման համար կուսակցությունները և դաշինքները իրենց համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ կանոնադրությունը, պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 15–ը: Այդ ժամանակ պետք է նաև ներկայացնեն կուսակցությունների ցուցակները, ինչպես նաև մնացած բոլոր փաստաթղթերը: Դրանից բացի մեկ շաբաթ ժամկետ է սահմանվում՝ պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար: Այսինքն, կուսակցությունները դեռ երկու շաբաթ ունեն, որպեսզի կարողանան պակասող փաստաթղթերը, այդ թվում՝ նաև կուսակցության կանոնադրությունը ներկայացնեն»,– ասաց Ս. Պարսյանը: Հակառակ դեպքում, որպես առանձին միավորումներ, կուսակցությունները կարող են դաշինք ձևավորել և այդկերպ մասնակցել ընտրություններին:

 

«Հնարավոր է՝ որևէ կուսակցության ցուցակով հանդես գալու տարբերակը: Այսինքն, այս պահին հնարավոր է նաև ընտրություններին մասնակցել առանց կուսակցության կանոնադրության: Այսինքն, այնպես չէ, որ եթե կուսակցությունը չգրանցվի, չի կարողանա ընտրություններին կամ այլ քաղաքական պրոցեսների մասնակցել»,– ասաց Ս. Պարսյանը: 

Օրենքում նախատեսված չէ դրույթ, որ եթե կուսակցության գրանցման գործընթացը չի ավարտվել, ապա կուսակցությունը կարող է կանոնադրության փոխարեն արդարադատության նախարարությունից գրանցման ընթացքի մասին տեղեկանք ներկայացնել: Եվ եթե նման բան տեղի ունենա, ապա դա կհամարվի օրենքի խախտում:

«Եթե օրենքով սահմանված ցանկից բացի այլ փաստաթղթերի հիման վրա կատարվի գրանցումը, ապա դա կհամարվի ինքնիրավչություն ԿԸՀ–ի կողմից: Այսինքն, բացառվում է, որ ԿԸՀ–ն նման քայլի գնա, քանի որ գրանցված մյուս կուսակցությունները նման դեպքում իրավունք կունենան դիմել վարչական դատարան և բողոքարկել ԿԸՀ–ի որոշումը: Նման դեպքերում միակ տարբերակը դաշինքով ընտրություններին մասնակցությունն է, բայց այս դեպքում անցողիկ շեմն ավելի բարձր է, քան կուսակցության դեպքում է»,– ասաց իրավաբանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում