ՀԾԿՀ-ից երեկ հաստատեցին, որ Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն է առաջացել' միջինը 4.7 դրամ/կՎտժ-ով: Հանձնաժողովը շեշտում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում հաջորդ փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ։ Դեկտեմբերի 23-ին հանձնաժողովում տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի' սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: Էլ.էներգիայի սակագինը փոփոխվել էր նախորդ փետրվարի 1-ին բնակչության 10 տոկոսի համար։
Մինչդեռ ՀԾԿՀ ներկայիս նախագահ Գարեգին Բաղրամյանը թե էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելիս, թե ներկայիս պաշտոնում հայտարարում և խոստանում էր, որ կատարված լուրջ աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիան ոչ միայն չի թանկանա, այլ մի բան էլ կէժանանա: 2019 թվականին Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իտալական «Ռենկո» ընկերության 250 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիայի սակագինը կիջնի շուրջ 4 դրամով, սպառողների համար, սակայն, սակագինը կնվազի մոտ 1-1.5 դրամով: Էլեկտրակայանի կառուցումից հետո հոսանքի գինը կլինի 27.4 դրամ մեկ կվտ ժամի համար: «Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ սակագնով. միայն վառելիքային բաղադրիչը 31.5 դրամ է, բացի վառելիքային բաղադրիչը 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար՝ կախված կիլովատ ժամից»,- ասել էր նա:
Էլեկտրակայանը բացվեց նախորդ ամիս, ներկա էր նաև վարչապետ Փաշինյանը, իսկ արդեն դեկտեմբերին Գարեգին Բաղրամյանը հանրությանը ավետում և փաստի առջև է կանգնեցնում, հայտարարելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը անխուսափելի է: Իսկ ո՞ւր մնաց կատարված աշխատանքը և հանրությանը տված հավաստիացումները: Նախորդ ամիս էլ ՀԾԿՀ նախագահի թեթև ձեռքով թանկացավ ջուրը, սակայն, արդարության համար նշենք, որ ջրի սակագնի մասով Բաղրամյանը երբեք խոստումներ և հավաստիացումներ չէր տվել, ինչը չես ասի էլեկտրաէներգիայի սակագնի մասին: Ստացվում է՝ Բաղրամյանն էլ ՔՊ-ական պոպուլիզմի շրջանակներում տարիներ շարունակ փափուկ բարձ է դրել հանրության գլխի տակ, հավաստիացնելով, որ աշխատանք է տարվում սակագինը նվազեցնելու ուղղությամբ, մինչդեռ այսօր ունենք ամբողջովին հակառակ պատկերը...: