Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կազմակերպված լկտի հարձակումը, որն ուղեկցվել է բավական հզոր զինատեսակների կիրառությամբ, ու որին հայկական կողմը բավական լուրջ պատասխան է տվել, հերթական անգամ բարձրացնում է հարցեր,որոնց պատասխաններն իրականում շատերի համար կարող են անտեսանելի լինել: Գլխավոր հարցը, որ այժմ հնչում է, թերևս այն է, թե որոնք են հերթական սադրանքների գնալու՝ Ադրբեջանի գլխավոր դրդապատճառները և արդյոք այս ամենը կարո՞ղ է համարվել նոր պատերազմի սկիզբ, թե՝ ոչ: Իրականում, հասկանալու համար Ադրբեջանի ասելիքը, որը նա արտահայտում է նման լկտի կերպով, պետք է հաշվի առնել այն, թե ինչ իրադարձությունների ֆոնի ներքո է տեղի ունենում իրավիճակի սրացումը:

Նախ՝ ակնհայտ է, որ այս ամենն ուղղակիորեն կապ ունի հուլիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ՝ ավստրիական Մաուերբախում: Այս քայլով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը հասկացնել, որ մտադիր չէ հավերժական բանակցությունների ճանապարհով ընթանալ ու հարցը կրկին անգամ քնեցնել. ժանիքների ցուցադրությամբ՝ Ալիևն իրեն փորձում է մատուցել անկախ խաղացողի կերպարում: Ի դեպ՝ ոչ մի կերպ պարզ զուգադիպություն չես համարի նաև օրերս Գյուլի կողմից հնչեցրած այն հայտարարությունը, թե Թուրքիան երբեք չի հաշտվի «Ադրբեջանի տարածքների մի մասի օկուպացիայի հետ», իսկ ղարաբաղյան խնդիրն էլ չի կարող մնալ սառեցված. չի կարող ձգձգվել, ասենք, 50 տարի: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան  Փոլադ Բյուլբյուլօղլին էլ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով արցախյան խնդրին, հայտարարել էր, թե առկա ստատուս քվոն անընդունելի է, իսկ բանակցություններն էլ պետք է առարկայական բնույթ կրեն. «դա հենց այն դեպքն է, երբ կարևոր է արդյունքը, ոչ թե գործընթացը»: Ոչ պակաս խոսուն հանգամանք պետք է դիտարկել նաև բուլղարական «Տրուդ»-ում հրապարակված հոդվածն, ուր փաստարկված կերպով խոսվում էր Ադրբեջանի՝ ԻԼԻՊ-ի հետ ունեցած կապերի մասին. հոդվածագիրը պնդում է, որ շուրջ 350 դիվանագիտական չվերթ է իրականացվել Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու համար: Սահմանին Բաքվի լկտի պահվածքն ինչ-որ իմասով կարելի է և յուրատեսակ արձագանք համարել Եվրոպայից եկող ազդանշաններին: Բացի այս ամենը՝ մի հետաքրքրիր փաստ ևս՝ ընդամենը մի քանի օրից Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպումը. տեղեկությունը կողմերն արդեն հաստատել են:

Կարևորագույն հարցը, սակայն, այժմ այն է, թե ինչ կլինի հետո, երբ, ասենք, հուլիսի 11-ին ընթանալիք բանակցություններն Ադրբեջանի համար անցնեն անարդյունք, ու հայկական կողմը շարունակի պնդել իրենը: Կգնա՞ արդյոք Ադրբեջանը հերթական արկածախնդրության, թե՞ ոչ: Այս հարցն իրականում ունի շատ խոր հիմքեր ու ուղղակիորեն կապված է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակով: Հայտնի է, որ Պուտին-Թրամփ  բանակցությունների հիմնական թեման հենց Սիրիան է դատնալու, այնտեղ ստեղծված խիստ պայթյունավտանգ իրավիճակը, ու բանակցող կողմերն, ըստ էության, փորձելու են կանխել ռուս-ամերիկյան հնարավոր բախումը սիրիական հողում, ինչի մասին, ի դեպ, մի շարք հեղինակավոր միջազգային վերլուծաբաններ արդեն հասցրել են նախազգուշացնել: Ասել կուզի՝ Պուտին-Թրամփ հանդիպման վերջնարդյունքներից է կախված լինելու Անդրկովկասում փխրուն խաղաղության պահպանման խնդիրը: Այս իմաստով՝ Գյուլի հայտարարությունները պետք է խիստ խոսուն համարել: Թուրքիան, փաստացի, յուրատեսակ շանտաժի է փորձում ենթարկել Ռուսաստանին՝ մեջտեղ բերելով Մոսկվային արդեն մահու չափ զզվեցրած ադրբեջանական խաղաքարտը: ՌԴ վերջին ջանքերը՝ սիրաշահելու Ադրբեջանին, իրականում մի նվազ փորձ է՝ զրկելու Արևմուտքին՝ ունեցած շանտաժի գլխավոր գործիքներից մեկից, որին նույն Արևմուտքը յուրովի է արձագանքում՝ ասենք՝ Ադրբեջանի դիմակը պատռող  հոդվածներ հրապարակելով:

Որքան էլ Ալիևը փորձի իրենից Ադրբեջանի ազգային հերոս կերտել, որքան էլ ջանա ինքն իրեն ու աշխարհին համոզել, թե ինքնուրույն խաղացող է և այլն, փաստը մնում է անհերքելի, որ նա ընդամենը Թուրքիայի խամաճիկն է Անդրկովկասում, ու եթե կուզեք՝ հերթական սահմանային սադրանքի հետևում պետք է տեսնել ոչ թե  Ալիևին, այլ նույն Անկարային, որը փորձում է վտանգավոր խաղեր տալ Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում:

Ամեն բան կախված է այն հարցից, թե նետված մարտահրավերին ինչ պատասխան կգտնի Ռուսաստանը, որի դիվանագիտական զինանոցում առկա զենքերն այնքան էլ չեն փայլում իրենց բազմազանությամբ: Սպասենք իրադարձությունների զարգացմանն ու պատրաստ լինենք բոլոր հնարավոր սցենարներին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ